Ի՞նչ արդյունք կտա Գևորգ Կոստանյանի ուշացած միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմեց ՌԴ իր պաշտոնակցին՝ Յուրի Չայկային՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության հիմնական մեղադրյալին՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ արդարադատությանը փոխանցելու միջնորդությամբ:

Դեռևս հունվարյան չարաբաստիկ դեպքից 10 օր անց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե ինքը պարտավոր է հանցանք գործած անձին հայ իրավապահներին փոխանցելու միջնորդությամբ դիմել, սակայն դրա համար նախ պետք է ունենալ բավարար ապացույցներ: Ավելին, այդ ամենը պետք է նաև ուսումնասիրության ենթարկվի, որպեսզի դիմելու հիմքեր լինեն:

Քաջ գիտակցելով, որ գործը դեռևս նախաքննության փուլում է, և այս պահին, նախաքննության գաղտնիությունից ելնելով, դատախազությունը չի կարող նշված բավարար հիմքը կամ հիմքերը հայտնել, հարկ ենք համարում արձանագրել նաև այն փաստը, որ թեպետ հայկական կողմը՝ ի դեմս գլխավոր դատախազի դիմել է ռուսական կողմին, այդուհանդերձ՝ երեկ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը հայտարարել է. «Հանձնել զինվորին չի կարելի, քանի որ առաջին հանցագործությունը, որ նա կատարել է մինչ մարդասպանությունը, դասալքությունն է: Սակայն դատը տեղի կունենա Հայաստանում` մեր ռազմաբազայի տարածքում»:
Կոնստանտին Զատուլինը վստահեցրել է նաև, որ դատաքննության ողջ ընթացքը բաց կլինի հայկական մամուլի ու հանրության համար. խոստացվել է նաև հեռարձակել դատական գործընթացը մեծ էկրաններին։

Որքանով կարդարանան ներկայացված միջնորդության հետ կապված սպասելիքները, ցույց կտա ժամանակը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, կա նաև Կ. Զատուլինի կողմից արված վերոնշյալ հայտարարությունը:

Հնարավոր է՝ գլխավոր դատախազի՝ միջնորդությունն այս պահին անելը կապված է հանրության կողմից բարձրացված հավանական բողոքի ալիքի կրկնվելուց խուսափելու հետ: Վալերի Պերմյակովի շահերի նախկին պաշտպան Թամարա Յայլոյանը Armlur.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց. «Ժողովուրդը պահանջում էր, որպեսզի նրան փոխանցեն հայկական կողմին: Կարծում եմ՝ հանրության բարձրացրած աղմուկն է եղել գլխավոր դատախազի դիմելու բուն պատճառը: Մարդիկ գտնում են, որ արդարացի կլինի, եթե հայկական կողմն իրականացնի արդարադատությունը: Դրանից բացի մեր դատախազը խոստացել էր, որ անպայման ձեռք կառնի միջոցներ գործը Հայաստանին հանձնելու ուղղությամբ»:

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը գտնում է, որ հարցին գնահատական տալու համար կարևոր է միջնորդության բովանդակությունը, իսկ Պերմյակովի փոխանցումը վաղուց պետք է կատարվեր: «Կարծում եմ՝ հանձման պահանջով մեր գլխավոր դատախազը չպետք է դիմեր, քանի որ այն ինքնուրույն առանձին կարգավորումներով գործընթաց է: Փոխանցելու պահանջն այլ հարց է: Պետք է ծանոթ լինել տեքստին՝ բոլոր հիմնավորումներով՝ որևէ դատողություն կամ դիտարկում անելու համար»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարկ ենք համարում հիշատակել նաև ՌԴ Սահմանադրության 61 հոդվածը, որը, ինչպես հայտնի է, բացարձակ արգելք է դնում ՌԴ քաղաքացուն որևէ այլ պետության հանձնելու վրա, այդ թվում՝ ՀՀ-ին, անկախ երկու երկրների միջև առկա իրավա-պայմանագրային բազայից: Ավելին, այն պահից ի վեր, երբ ՌԴ քաղաքացի կասկածյալը հանձնվում է ՌԴ զինվորականների իրավազորության տիրույթ, նրան հետ հանձնելն այլևս տեղի չի ունենալու, այսինքն՝ նրան հանձնել են անվերադարձ:

Իսկ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ այն հանցագործությունների քննությունը, որոնք կատարվել են ՀՀ տարածքում ռազմաբազայի ծառայողի կողմից, իրականացվում է ՀՀ օրենքներով, իսկ նույն պայմանագրի 5-րդ հոդվածը սահմանում է, որ 4-րդ կետի դրույթները կիրառելի չեն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են ռազմաբազայի տարածքում, կամ եթե հանցագործությունը կատարվել է ընդդեմ Ռուսաստանի և ռազմաբազայի մեջ մտնող անձանց նկատմամբ, կամ եթե կատարվել է զինվորական հանցագործություն: Այսինքն՝ եթե կատարվել է ռազմական հանցագործություն, այդ դեպքում գործում կիրառելի է ՌԴ օրենսդրությունը:

Այս հանգամանքի հետ կապված ավելի վաղ գլխավոր դատախազը հստակեցրել էր. «Ռուսական կողմը հարուցել է քրեական գործ Ռուսաստանի օրենսդրությամբ, մենք հարուցել ենք մեր օրենսդրությամբ և մենք նախաքննությունն իրականացրել ու իրականացնելու ենք, հետագայում կքննարկվի այս կամ այն գործը մյուսին միացնելու կամ չմիացնելու հարցը, այս պահի դրությամբ մենք իրականացնում ենք մեր քրեական գործն ամբողջ ծավալով»:




Լրահոս