Չնայած ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը հրաժարվել է մանրամասնել ՀԱԿ-ից դուրս գալու դրդապատճառները, սակայն, ելնելով խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակից, կարծիքներ կան, որ այս ամենը սպասելի էր: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հետ:
-Տիկի՛ն Թադեւոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱԿ-ի կազմաքանդման մասին հայտարարությունները:
-Դե ՀԱԿ-ը լքողների շարքում վերջին ժամանակներս պարզապես ակտիվություն չի նկատվում: Ուղղակի ժողովրդի վրա մեծ ազդեցություն թողեց եւ, ընդհանրապես, ընդդիմադիր հանրության վրա նույնպես մեծ ազդեցություն ունեցավ մեր հարգարժան Դավիթ Շահնազարյանի հեռանալը ՀԱԿ-ից: Եւ այս ամենը քննարկումների առիթ տվեց, ինչը բնական է: Լքել ՀԱԿ-ը չի նշանակում լքել քաղաքական պայքարը: Պետք չէ այս ամենից ողբերգություն սարքել:
-Ի՞նչն է պատճառը, որ լքում են ՀԱԿ-ը:
-Ձեր տված հարցից կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ը լքում են մասսայաբար: Դա այդպես չէ, այդ ամենը տեղի է ունենում ժամանակ առ ժամանակ` կապված տարբեր իրադարձությունների հետ, այս կամ այն անձի սպասումների չիրականանալու հետ, գաղափարական տեսանկյունների անհամատեղելիության, հիասթափությունների հետ… Մի խոսքով, պատճառները կարող են տարբեր լինել, եւ կրկնում եմ՝ այս ամենը նորմալ է: Քննարկումներն էլ են նորմալ, կարեւորն այն է, որ ՀԱԿ-ը հավատարիմ մնա իր նպատակներին եւ մնա իր խոսքի տերը:
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում աշնանը:
-Հիմնական զարգացումը կապված կլինի նախագահական ընտրությունների հետ: Միասնական թեկնածուի հարց կլինի, ինչը քաղաքական լուրջ զարգացումների դաշտ կստեղծի: Ասում են՝ մեկ միասնական թեկնածուով հանդես գալու հարց է քննարկվում, եւ դա ճիշտ եմ համարում, թեեւ որոշ շրջանառվող անունների հետ կապված վերապահումներ ունեմ: Իմ միասնական թեկնածուն եւ ժողովրդի միասնական թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է:
-Կարծես թե արդեն անխուսափելի է առաջիկա ամիսներին գազի սակագնի բարձրացումը: Ըստ Ձեզ՝ դա ի՞նչ հետեւանքներ կունենա:
-Իհարկե, գազի թանկացումը կունենա իր հետեւանքները: Բնակչության իրական եկամուտների անկում կնկատվի: Օգտագործման դիմաց քաղաքացին ավելի շատ կվճարի, ինչն էլ սոցիալական լուրջ դժգոհության առիթ կդառնա, բայց դա «բունտ»-ի չի վերածվի:
ՊԵՏՔ ՉԷ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՍԱՐՔԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ