ՃԱՆՃԵՐՆ «ԱՆՑԵԼ ԷԻՆ ԴԵՍԵՐՏԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Վանաձորում էր: Աշխատանքային այցի նպատակը վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացմանը, գների եւ օրենքի տարբեր խախտումներին ծանոթանալն էր: Հանձնաժողովի փորձագետները շրջեցին Վանաձորի մի քանի խոշոր առեւտրի կետերում՝ ուշադրություն դարձնելով առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքներին:
«Գրին պլազա» սուպերմարկետում մեծ թվով լրագրողներից ու տեսախցիկներից անակնկալի եկած գնորդներն ու վաճառողները զարմացած իրար էին նայում. «Էս ի՞նչ հաշիվ է՝ մեզ հիշել են»: Մի տարեց մարդ էլ, չիմանալով հանձնաժողովականների այցի նպատակը, լրագրողներին հուշեց «բացահայտել» «Հարսնաքար»-ի դեպքը: Առեւտրի կետում կասկած հարուցեցին 1400 դրամ արժողությամբ ռուսական կարագը, չմակնշված ձվերը: Փորձագետների կատարած հսկիչ-գնման արդյունքում պարզվեց, որ վաճառվող ապրանքատեսակը ոչ թե կարագ, այլ սպրեդ (բուսասերուցքային խառնուրդ) է: Առեւտրի կետի տնօրեն Արայիկ Բարոյանն իրար խառնվեց ու զայրույթը թափեց աշխատակիցներից մեկի գլխին. «Ինչի՞ եք կարագի անվան տակ սպրեդը դրել վաճառքի»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ սպրեդը սպրեդի տեղ էլ ծախում են, իսկ «Ռուսական կարագ» պիտակը պարզապես վաճառողների սխալն է: Քանի՞ միամիտ լոռեցի է խաբվել ու որպես կարագ գնել սպրեդը, ինչո՞ւ են խանութպանները հիմարացնում մարդկանց: «Դե, կարող ա յառլիկ ա, պոկվել ա կամ շփոթված դրել են: Դա հո չի՞ նշանակում, որ մենք ժողովրդին խաբում ենք»,-արդարացավ տնօրենը: Քիչ անց Բարոյանի նյարդերը տեղի տվեցին, ու նա դուրս հրավիրեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ ասելով, որ մեր պատճառով սուպերմարկետ մարդ չի մտնում:
Հանձնաժողովականների վերջին կանգառը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ընտանիքի «Արձագանք» ՍՊԸ-ին պատկանող «Sunny City»՝ ոչ վաղ անցյալում «ՎաԲա» անունը կրող սուպերմարկետն էր: Թեեւ առեւտրի կենտրոնը վերանվանվել է, բայց շենքի ճակատային մասում եւ հատակին պահպանվել են պատգամավորի անվան եւ ազգանվան առաջին երկու տառերը՝ ՎաԲա: Չգիտես ինչու, ՏՄՊՊՀ-ականներն այստեղ շատ երկար մնացին՝ հայտնաբերելով անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներ՝ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը մսամթերքի (սառեցված կիսաֆաբրիկատներ, հավ) վրա բացակայելու հետ: Մեր աչքից էլ չվրիպեցին թխվածքաբլիթների բաժնում վխտացող ճանճերը, որոնք «անցել էին դեսերտի»: ՏՄՊՊՀ-ն հայտնաբերված խախտումների առնչությամբ կկատարի վերլուծություններ, արդյունքների մասին կտեղեկացվի նաեւ հանրությունը: Ինչպես հայտնեց ՏՄՊՊՀ մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը, անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների տուգանքի առավելագույն չափը կարող է կազմել նախորդ տարվա ապրանքաշրջանառության մեկ տոկոսը:

ՄԵԼԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Լոռի




Լրահոս