ՀՅԴ ՇՄ կառույցն արդեն հստակ կողմնորոշվել է, որ մասնակցելու է առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Գյումրու քաղաքապետի ընտրությանը միաձայն որոշում են կայացրել մասնակցել առանձին թեկնածուով: Մարզային կառույցի պատասխանատու Գեւորգ Ալեքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Մենք առաջադրելու ենք Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը՝ որպես Գյումրու քաղաքապետ»:
Հովսեփ Սիմոնյանը տնտեսագետ է, երկար տարիներ աշխատում է Շիրակի մարզպետարանում, զբաղեցրել է ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնը, իսկ հիմա պետի տեղակալ է, սակայն գյումրեցիների շրջանում քիչ ճանաչված անձնավորություն է, ու կանխավ էլ կարելի է ասել, որ նրա առաջադրումը զուտ ձեւական բնույթ է կրելու եւ առանձնապես չի խանգարելու առայժմ իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած Սամվել Բալասանյանին:
Նշենք, որ նախապես լուրեր էին շրջանառվում, որ հնարավոր է՝ ՀՅԴ-ն առաջադրի Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի թեկնածությունը: Վերջինս, բնականաբար, ավելի ճանաչված թեկնածու կլիներ, սակայն դատելով այն հանգամանքից, որ Ռ. Մանուկյանի պաշտոնավարման տարիներին որեւէ նկատելի տեղաշարժ չի արձանագրվել մարզում, հասկանալի է, որ ՀՅԴ-ն ուղղակի հետ կանգնեց այդ մտքից:
Հովսեփ Սիմոնյանը խոստանում է քաղաքակիրթ պայքար, ասում է՝ սեւ PR-ով չի զբաղվելու. «Որեւէ անձի, որեւէ թեկնածուի նկատմամբ չի լինելու վիրավորանք: Եթե ինչ-որ բան կլինի, ուղղակի իմ կողմից հարցերը կուղղվեն թեկնածուներին, եթե նրանք ուզեն նստել հեռուստաեթերի՝ միասին մեկս մեկիս հարցեր տանք»: Հիշեցնենք, որ Հ. Սիմոնյանը նաեւ 2005-ին է քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել իր թեկնածությունը, սակայն նախքան ընտրություններն ինքնաբացարկ է հայտնել: Ասում է` այն ժամանակ իրավիճակը շատ ավելի լարված էր, վիրավորանքներ էին հնչեցնում միմյանց հասցեին, պայքարը քաղաքակիրթ չէր, հիմա այլ է իրավիճակը, թեեւ նշում են, որ լարված ընտրություններ են սպասվում:
Հնարավո՞ր է, որ նա դարձյալ որոշի ինքնաբացարկ հայտնել. այս հարցին Սիմոնյանն արձագանքում է, որ այս անգամ մինչեւ վերջ է պայքարելու:
Ի դեպ, թատերագետ Լեւոն Մութաֆյանը նախօրեին «Ֆեյսբուք»-ի իր պատին գրել էր, որ երկար մտորումներից հետո որոշել է առաջադրել թեկնածությունը Գյումրու քաղաքապետի պաշտոնում: Ո՞վ գիտե, գուցե հետաքրքիր առաջադրումներն այսքանով չավարտվեն:
Գյումրի