ՍՊՈՐՏԸ ՇՈՈՒ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին շատերի ուշադրության կենտրոնում են Լոնդոնում ընթացող օլիմպիական խաղերը: Ոմանք տխրում են, ոմանք ուրախանում գրանցված արդյունքների մասին լսելիս: Ի՞նչ են մտածում մեր հայրենակիցները:

ՀԱՐՑ. Հետեւո՞ւմ եք օլիմպիական խաղերին, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ էինք առավել լավ արդյունքներ ունենալ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի՞նչ կապ ունեմ սպորտի հետ: Դե էնքանով, ինչքանով որ կարողանում եմ, հաջողացնում եւ հետեւում եմ: Ամբողջ օրը վազքի մեջ եմ լինում: Ինչի՞, մենք ամեն տեղում պետք է առաջի՞նը լինենք, քանի որ հայ ենք: Աշխարհում այնքան շատ մարզիկներ կան, այնքան երկրներ կան, որ շատ ներդրումներ են անում: Հիմա մենք ո՛չ լացելու, ո՛չ էլ խնդալու կարգավիճակում ենք:

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ
Հայաստանի գրողների միության նախագահ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Բացումը մինչեւ վերջին պահը նայել եմ, մնացածն էլ չի հետաքրքրում: Մեկ էլ վերջում կնայեմ, թե մեր երկիրն ինչ հաղթանակներ է արձանագրել: Ժամանակ չունեմ: Միակ բանը, որ լուրջ սպորտի առումով զբաղվում եմ, ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատն է, էն էլ նայում եմ կիսաեզրափակչից հետո: Ֆուտբոլի ժամանակ ինձ հարցրե՛ք, նույնիսկ կանխատեսում կանեմ: Գիտեք՝ ինչ գիտեմ, որ Ռուսաստանն իր ոսկե մեդալն արձանագրեց՝ ի դեմս Արսեն Գալստյանի. ե՛ւ ուրախություն էր, ե՛ւ հպարտություն էր, ե՛ւ Գալստյան ազգանունն էր:

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ
գրող, դրամատուրգ

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ հետեւում, ոտքս կոտրած՝ տանը պառկած եմ: Գնացել էի Գառնի՝ ծիրան թափ տալու, ընկա ու կոտրեցի ոտքս: Հիմա գիպսի մեջ է, ու ես էս շոգ եղանակին խաշ եմ ուտում, բժիշկներն ասում են՝ լավ է խաշ ուտելը: Ես վստահ եմ, որ մեր տղաները հաղթանակներ կունենան: Թո՛ւյլ տվեք նաեւ այս առումով շնորհակալություն հայտնել Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա քիչ բան չի արել մեր սպորտի զարգացման համար:

ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ
դերասան

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ հետաքրքրվում, քանի որ հաղթանակի հետ կապված այդքան էլ հույսեր չունեմ: Իմ առօրյա հոգսերն էլ ինձ բավական են, ուր մնաց թե ժամանակ ծախսեմ ու նստեմ նայեմ: Երիտասարդ տարիներիս հետեւում էի, բայց հիմա հավատ ու հավես չի մնացել:

ՌՈԶԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ քաղաքացի, տնային տնտեսուհի,
48 տարեկան

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, հետեւում եմ, խայտառակություն է այս ամենը, քանի որ ունենալով բռնցքամարտի փայլուն դպրոց, որը ձեւավորվել էր խորհրդային տարիներին, հիմա պատկերը սա է: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ եթե գիտությունն ու մշակույթն են հայտնվում անկումային վիճակում, ապա սպորտն էլ է մշակույթ, նա էլ պետք է լիներ այս վիճակում: Այն ամպագոռգոռ հայտարարությունները, թե ոսկի ենք խոստանում կամ զրոներ, դրանով չպետք է ամեն ինչ որոշվի: Պետք է համապատասխան մթնոլորտ լինի, եւ պետությունը, դրոշն առաջնային լինեն, իսկ մեր դեպքում դա երկրորդական է: Ի վերջո, պետք է հասկանալ, որ սպորտը շոու չէ:

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս