Երեկ Դոնբասն անցկացրել է առանց պատերազմի առաջին օրը. համաձայն Մինսկի պայմանավորվածության՝ ռազմաճակատի ողջ երկայնքով ուժի մեջ է մտել զինադադարի ռեժիմը: Սակայն խոսել զինադադարի մասին դեռևս վաղ է. Դեբալցևոյի շուրջ այնպիսի լարված իրավիճակ է ստեղծվել, որ «նորմանդյան խմբի» (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա) 4 անդամները, որոնք երեկ հեռախոսային խորհրդակցություններ են անցկացրել, պայմանավորվել են շարունակել շփումն այսօր:
Ինչպես գրում է «Ъ»-ը, փորձագետները մտավախություն ունեն, որ Դեբալցևոն, որտեղ շրջափակման մեջ են հայտնվել շուրջ 8000 ուկրաինացի զինվորականներ, կկրկնի Դոնեցկի օդանավակայանի ճակատագիրը, որի համար մարտերը ձախողեցին սեպտեմբեր ամսին կնքված «Մինսկ-1»-ի զինադադարը: