Արմավիրի քաղաքապետի՝ մարտի 15-ին կայանալիք ընտրություններում թեժ ընտրապայքար է սպասվում: Առաջադրված թեկնածուները վեցն են, որից Մելիք Բաղդասարյանը, Նվեր Պետրոսյանը, Մանուկ Սիմոնյանը եւ Ռուբեն Խլղաթյանը (գործող քաղաքապետը) ՀՀԿ-ականներ են, իսկ Արտակ Գեւորգյանը (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գեւորգյանի` Նովոյի որդին է) եւ Էդվարդ Վարդումյանն անկուսակցական են: «Ժողովուրդ»-ը զրուցեց առաջադրված թեկնածուներից «Պարիտետ Ինվեստ» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Սիմոնյանի հետ:
-Պարո՛ն Սիմոնյան, ավելի քան քսան օր դեռ կա ընտրություններին, բայց ակտիվ քննարկվում է, որ այն թեժ է լինելու: Առաջադրված թեկնածուների միջեւ լարվածություն կա՞, թե՞ ոչ:
-Ես լարվածության ոչ մի պատկեր չեմ տեսնում: Սովորական, առօրյա մթնոլորտ է, այս պահին բոլորն էլ սպասում են գրանցման գործընթացի ավարտին: Այնուհետեւ կսկսենք նախընտրական քարոզարշավը: Հետո կերեւա:
-Ինչպե՞ս եք համոզելու բնակիչներին, որ Ձեզ ընտրեն: Ծրագրե՞լ եք, թե ինչպես եք անցկացնելու քարոզարշավը:
-Այդ մասին կտեղեկացվի իր ժամանակին: Ընդամենը երկու օրվա խնդիր է, նույնիսկ ծրագրելու բան էլ չկա: Բացի այդ՝ այն կոմերցիոն գաղտնիք է:
-Պարո՛ն Սիմոնյան, Դուք առաջի՞ն անգամ եք առաջադրվում որպես քաղաքապետի թեկնածու:
-Այո՛: Ու սպասումներ ունեմ:
-Լուրեր են շրջանառվում, որ Դուք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի թեկնածուն եք: Նման բան կա՞, թե՞ ոչ:
-Անխտիր բոլորին հարգում եմ: Չի կարելի նման կերպ մոտենալ հարցին: Ես ինքնառաջադրվել եմ: Կոպիտ ասած՝ ես եմ իմ գլխի տերը: Թե՛ մարզպետի, թե՛ պատգամավորի, թե՛ գործող քաղաքապետի հետ իմ հարաբերությունները նորմալ են:
-Այդ դեպքում ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը: Ի՞նչն եք ուզում փոխել քաղաքի կյանքում: Ի՞նչը դուր չի գալիս Ձեզ:
-Մթնոլորտը փոփոխության է ենթակա: Հուսով ենք, որ մեր թեկնածությամբ ինչ-որ մի նորություն, նոր մոտեցում կլինի: Ինչ-որ մի բան ենք ուզում փոխել: Սա ինքնանպատակ չէ:
Ես երկար մտածելուց հետո եկել եմ այն եզրահանգման, որ անելիք ունեմ: Արմավիր քաղաքի մասով ես այլ հեռանկարներ ունեմ: Եթե իմ համոզմունքները կկարողանամ հասցնել ընտրողներին, ապա ինձ թվում է, որ նրանք իրենց ձայնը ինձ կվստահեն: Ես մտադիր եմ մինչեւ վերջ գնալ: Արդար պայքար կլինի, որովհետեւ այստեղ բոլորն իրար հարգում են:
-Դուք վաղո՞ւց է, ինչ Հանրապետական կուսակցության անդամ եք:
-Տարին դեռ չի լրացել, որ ՀՀԿ-ական եմ: Ես ինձ համարում եմ ՀՀԿ-ական: Ինչ մնում է քաղաքի հետ կապված խնդիրներին, ապա դրանք ավելի շատ առօրյա, ներքին խնդիրներ են:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ