ԼԱՐՎԱԾ ԴԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է արցախյան հերոսամարտի մասնակից, ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանի գործով հերթական դատական նիստը: Դատալսումն անցել է բավականին լարված մթնոլորտում: Դատակոչված վկա Ֆրունզիկ Ավագյանը նախ նշել է, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքը  եւ  ավելացնելու կամ փոխելու ոչինչ չունի: Վկան ամբաստանյալի` արցախյան պատերազմին մասնակցելու տարիներին եղել է hինգերորդ մոտոհրաձգային մարտական շտաբի պետ, դատարանում հայտարարել է, որ ամբաստանյալի վիրավորվելու փաստը հաստատող փաստաթղթերը կեղծ են, կեղծվել են ինչպես ստորագրություններ, այնպես էլ կնիքներ, իսկ ինքը ազատամարտիկին վիրավոր չի հիշում:
Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ փաստաթղթեր կեղծելու մեջ մեղադրվող ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը` ասելով, որ շինծու մեղադրանք են սարքում իր դեմ: Պետական մեղադրողը վկային ցույց տվեց ամբաստանյալի փաստաթղթերը, որոնց շնորհիվ  նա, ըստ մեղադրանքի, զինվորական թոշակ է ստացել: Մեղադրողը հարցրեց՝ արդյոք փաստաթղթերը ծանոթ են, արդյոք ստորագրությունները Հովհաննես  Բաղդասարյանինն են: Վկան արձագանքեց. «Ո՛չ, ստորագրությունը նրանը չէ»: Ամբաստանյալի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը հակադարձեց, թե վիզուալ կերպով հնարավոր չէ պարզել՝ ստորագրությունն ումն է: «Այդ հարցին պետք է պատասխանի Մանվել Գրիգորյանը: Բայց ամենաճիշտն է՝ փորձաքննություն իրականացվի»,-ասաց պաշտպանը:
Վկան նաեւ պնդեց, որ ճիշտ այն ժամանակ, երբ ըստ ամբաստանյալի՝  նա վիրավորվել է, ինքը եւս գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, եղել է հիվանդանոցում:
Խոսելու հնարավորություն ունեցավ նաեւ ամբաստանյալը: Նա էլ իր հերթին պնդեց, որ չի ճանաչում ցուցմունք տված վկային, սակայն դա իրեն հիմք չի տալիս պնդելու, որ Ֆրունզիկ Ավագյանը չի կռվել կամ չի վիրավորվել: «Ես ճանաչում եմ  Ֆելոյին, Ակոյին, Հոսոյին, Երանոսյան Լյովային, Տարզանին: Նրանք դիրքեր են եղել, տեսել եմ: Գրիգորյան Մանվելին եմ տեսել, բայց քեզ չեմ տեսել, չեմ ճանաչում»,-նշեց Հովհ. Բաղդասարյանը:
Թամարա Յայլոյանը հանդես եկավ միջնորդությամբ, ըստ որի՝ դատարանը պետք է ուշադրություն դարձնի եւ առանձին քննություն սկսի կեղծ կնիքների մասով՝ վկայի հայտարարությունների հիման վրա:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս