Նախագահ Սարգսյանն այցելել է շինհրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 21-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետը Հանրապետության նախագահին զեկուցել է վերոնշյալ եւ Երեւան քաղաքում 2012թ. իրականացվող ճանապարհաշինարարական այլ ծրագրերի ընթացքի  վերաբերյալ՝ ներկայացնելով նաեւ մայրաքաղաքի ճանապարհաշինարարական հեռանկարային ծրագրերը: Նշվել է, որ Երեւան քաղաքի 2005-2020թթ. գլխավոր հատակագծով նախատեսված Երեւանի օղակաձեւ արագընթաց մայրուղու բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցումը նպատակ ունի թեթեւացնել երթեւեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը։ Արդյունքում՝ զգալիորեն կթեթեւանա Լենինգրադյան փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Աթենքի փողոցի, Իսակովի պողոտայի երթեւեկությունը, միաժամանակ կապահովվի Կիեւյան կամրջից անմիջական երթեւեկություն դեպի Իսակովի պողոտա։
Ներկայում իրականացվում է Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Լենինգրադյան փողոցի միջեւ 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու եւ շուրջ 1.9 կմ ուղետարների կառուցման շինարարությունը։ Նախատեսվում է երկու տրանսպորտային հանգույցների լուծում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Լենինգրադյան փողոցի հետ հատումներում։ Մայրուղուն զուգահեռ նախատեսվում է ջրատարի, հեղեղային եւ կենցաղային կոյուղու, գազատարի եւ արտաքին լուսավորության, կապի ստորգետնյա մագիստրալ հաղորդակցուղիների տեղադրում։ Նախագահին զեկուցվել է, որ 2012թ. օգոստոսի 20-ի դրությամբ իրականացվել են շինարարական աշխատանքների շուրջ 60%-ը եւ հողային աշխատանքների՝ 80 %-ը։ Ավտոմայրուղու շինարարության ավարտման ժամկետ է սահմանվել 2013թ.  փետրվարի 1-ը։
Երեւան քաղաքում 2012թ. նախատեսված ճանապարհաշինարարական այլ ծրագրերի ընթացքի վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի զեկուցման համաձայն, ներկայում աշխատանքներ են իրականացվում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջեւ ավտոճանապարհի կառուցման եւ Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի վերակառուցման ուղղությամբ, իսկ Սիլիկյան եւ Ծարավ Աղբյուր փողոցների վերակառուցման, ինչպես նաեւ Արամի եւ Բուզանդի փողոցների կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են:




Լրահոս