ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իշխանական վերնախավում քիչ չեն կասկածելի կենսագրություն ունեցողները, ընդհուպ մինչեւ զանազան արարքների համար դատապարտվածները: Ընդ որում, նրանք երբեմն այնպիսի հոդվածներով են դատապարտվում, որ զարմանալի է, թե դրանից հետո ինչպես են հայտնվում պետական պաշտոններում: Նրանցից մեկն էլ Լոռու մարզպետ ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանն է, ում դեմ կայացված դատավճիռը հայտնվել է մեր ձեռքի տակ:
Արթուր Լեւոնի Նալբանդյան. ծնունդով Ալավերդի քաղաքից, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, խնամքին երկու երեխա: Ձերբակալվել է 27.12.2000-ին, նախնական կալանքի տակ է եղել 29.12.2000թ.: Սակայն առողջության վատթարացման հետեւանքով կալանքի միջոցը փոխվել է՝ ստորագրություն չհեռանալու մասին: Այս տվյալները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Ասլանյանի կայացրած դատավճռից են: Իսկ ձերբակալել են խուլիգանության համար:
Ինչպես նշված է դատավճռում, քաղաքացի Մղդսյանը իր եւ Գագիկ Շահվերդյանի միջեւ պարտքի պատճառով դեռ 2000թ. դիմել է Վանաձորում հանցավոր աշխարհում հեղինակություններ համարվող Գագիկ եւ Արմեն Կիլինկարովներին: Եղբայրները, լսելով երկու կողմերի բացատրությունները եւ տեսնելով բերված փաստաթղթերը, կտրականապես չընդունելով, որ Շահվերդյանն արդեն իսկ վերականգնել է նշված գումարի իր հասանելիք մասը, պարտավորեցրել են նրան, որպեսզի վերջինս բերի եւս 100 հազար դրամ եւ տա անձամբ իրենց: 
Կիլինկարովները զգուշացրել են Շահվերդյանին, որ եթե նշված գումարը մի քանի օրվա ընթացքում իրենց չտա, ապա գումարի չափը իրենք կմեծացնեն: Վախեցած Շահվերդյանը նրանցից խնդրել է մի քանի օր՝ փող հայթայթելու համար: Եւ այսպես, Գ. Շահվերդյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ հետագա անախորժություններից խուսափելու համար 2000-ի դեկտեմբերի 24-ին դիմում է իր բարեկամ Կամո Շահվերդյանին եւ նրանից խնդրում միջամտել, որպեսզի Կիլինկարովները իրեն չանհանգստացնեն:
Մի քանի օր հետո ամանորի կապակցությամբ գնումներ կատարելու նպատակով գյուղմթերքների շուկա է գնացել Կամո Շահվերդյանն Արթուր Նալբանդյանի հետ, եւ պատահական հանդիպելով Գագիկ Կիլինկարովին՝ հարձակվել են նրա վրա, պահանջել հանգիստ թողնել մսավաճառ Գագիկին: Զրույցը շարունակելու նպատակով նրանք գնացել են Ալավերդու “Հայպեչ” թաղամաս: Այդտեղ Կամո Շահվերդյանը եւ Արթուր Նալբանդյանը հայհոյել են նրան, իսկ Նալբանդյանը բռունցքով մի քանի հարված է հասցրել դեմքին` պատճառելով նրա առողջությանը կարճատեւ քայքայող թեթեւ մարմնական վնասվածք: Կիլինկարովը փորձել է փախչել: Բայց գործով անցնող մեկ այլ ամբաստանյալ՝ Աշոտ Շաքարյանը, հրազենով կրակել ու վնասել է Կիլինկարովին:
Դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել Աշոտ Շաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 232 հոդվածի 2-րդ մասով եւ 106 հոդվածի 1-ին մասով, Արթուր Նալբանդյանին եւ Կամո Շահվերդյանին՝ ՀՀ քր. օր.-ի 222 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով: Առաջադրված մեղադրանքների համար ամբաստանյալներ Շաքարյանը, Նալբանդյանը եւ Շահվերդյանն իրենց մեղավոր են ճանաչել լիովին եւ տվել ինքնախոստովանական ցուցմունքներ:
Դատարանն էլ Աշոտ Շաքարյանին դատապարտել է 6 ամսվա ազատազրկման, Արթուր Նալբանդյանին՝ 100 հազար դրամ տուգանքի, Կամո Շահվերդյանին՝ 30 հազար դրամ տուգանքի: Ընդ որում Արթուր Նալբանդյանի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի է առնվել այն, որ նա տառապել է սրտի, թոքի, երիկամների անբավարարությամբ:
Դատարանի վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ: Այդ ընթացքում Նալբանդյանը գրավոր կարգով դիմել է դատարան խնդրանքով՝ վերանայել նշված դատավճիռը եւ համապատասխանեցնել ՀՀ քր. օր.-ի փոփոխմանը եւ լրացումներ կատարելու մասին օրենքին: Դատարանն ընդամենը վերաորակավորել է նրա արարքներն ու որպես պատիժ նշանակել տուգանք` 30 հազար դրամի չափով:
Մեկնաբանությունների համար դիմեցինք Արթուր Նալբանդյանին, որն այժմ զբաղեցնում է Լոռու մարզպետի պաշտոնը: Վերջինս, սակայն, լսելով հարցը, ընդամենն ասաց. “Ես չգիտեմ, թե ինչ լուրեր են պտտվում, բայց ես հիմա զբաղված եմ” եւ անջատեց հեռախոսը:
Հ.Գ. Ամիսներ առաջ ,Ժողովուրդե-ին տված հարցազրույցում Արթուր Նալբանդյանը հերքել էր իր՝ դատապարտված լինելու մասին լուրերը:
-Տեղեկություններ կան, որ ժամանակին Դուք ազատազրկվել եք` ինչ-որ “ռազբորկայի” ժամանակ կրակելու համար:
-Ես չգիտեմ` ինֆորմացիան որտեղից է, բայց դա իրականությանը չի համապատասխանում:
-Ասում են` գրել եք, թե այդ տարիներին բացակայել եք Հայաստանից, բայց իրականում ազատազրկման վայրում եք եղել:
-(ծիծաղում է-խմբ.)… Նման բան չի եղել: Հո հարյուր տարի չի՞ անցել այդ պատմությունից, ընդամենը մի քանի տարի է անցել, եւ բոլորը գիտեն, թե այդ պահին որտեղ եմ եղել, որ ազատազրկման վայրում չեմ եղել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս