Ոստիկանությունը բացահայտել է կրակոցների հեղինակներին. ֆոտո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, օգտագործելը, կրելը) հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել է օգոստոսի 26-ին` Երևան -Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած կրակոցների փաստով:
Ինչպես ավելի վաղ հայտընել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 25-ին, կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգել էին Ոստիկանության Նաիրի բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ Գրիշա Բադալյանի գլխավորությամբ: Օպերատիվ խումբը պարզել էր, որ երիտասարդները Աշտարակ քաղաքի բնակիչներ 42-ամյա Վարդան Ավետիսյանն ու 24-ամյա Շավարշ Պետրոսյանն են եղել:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ Վարդանը հրազենային վնասվածքը ստացել էր կոնքի ձախ սրբանային շրջանի մասում, իսկ Շավարշը` ձախ ազդրի շրջանում: Ոստիկանության Նաիրի բաժնի աշխատակիցները պարզել էին, որ նշված անձիք հրազենային վնասվածքը ստացել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին, դեռևս անհայտ անձանց կողմից: Նշված վայր էին ժանանել նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը: 
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում: 
Քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր կրակված պարկուճներ: Նշանակվել էր փորձաքննություն, ինչից հետո պարզ կլիներ, թե ինչ հրազենից էր արձակվել կրակոցները:
Հանցագործությունը բացահայտելու նպատակով Ոստիկանության Նաիրիի բաժնում ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ` Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Կոտայքի և Արագածոտնի մարզային վարչությունների և Ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցների, ինչպես նաև` Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և Կոտայքի քննչական բաժնի աշխատակիցներով: 
Արդեն երեկ` օգոստոսի 26-ին, օպերատիվ քննչական խումբը տեղեկություններ է ստանում, որ վիճաբանության մասնակիցներից 3 հոգին լինելու են Երևան –Աշտարակ ավտոճանապարհին: Մի քանի հատվածներում դարանակալում կատարելով` ոստիկանները կարողանում են Երևան-Աշտարակ ավտոճանապի 15-րդ կմ-ից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Նաիրիի Ոստիկանություն բերման ենթարկել Աշտարակ քաղաքի բնակիչներ` 21-ամյա Արման Սիմոնյանին, 23-ամյա Թովմաս Շահվերդյանին և Օշական գյուղի բնակիչ` 25-ամյա Սեդրակ Թովմասյանին: 
Գ.Շամշյանը հայտնում է, որ հայտնավբերվում է նաև ինքնաձիգ` իր պարունակով և 15 փամփուշտ: Արդեն Ոստիկանությունում բերման ենթարկվածները, տեսնելով, որ օպերատիվ քննչական խումբը լավ տեղեկացված է կատարվածի մասին, Ա. Սիմոնյանն ու Ս. Թովմասյանը խոստովանում են, որ կենցաղային և առևտրային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրենք են ավտոմատով և ՏՏ տիպի ատրճանակից անկանոն կրակոցներ արձակել Վ. Ավետիսյանի և Շ. Պետրոսյանի ուղղությամբ: 
Գ. Շամշյանը հայտնում է, որ աշտարակցիներն իր հետ զրույցում պատմել են, որ Թ. Շահվերդյանը Աշտարակի Ձորի հանգստյան գոտու Սաքոյի տղան է և երբ, փռի վարորդի հետ կապված նա փորձել է պարզաբանում ստանալ Շ. Պետրոսյանից և Վ Ավետիսյանից, Շ . Պետրոսյանը հարվածել է Թովմասին: Իսկ երբ Թովմասի հետ եկած Ա. Սիմոնյանն ու Ս. Թովմասյանը նկատել են, որ Շավարշը հարվածում է Թովմասին , դուրս են եկել “ՎԱԶ 21 21” մակնիշի 55 ՕՏ 080 համարանիշի ավտոմեքենայից և արձակել կրակոցները: Նրանք Ոստիկաններին մատնացույց են արել նաև այն վայրը, որտեղ կրակոցներ արձակելուց հետո թաքցրել են ՏՏ ատրճանակը, որը նույնպես առգրավված է: 
Օպերատիվ քննչական խումբը վիճաբանության վայրից Ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանման տարածք է տեղափոխել “Համմեռ” մակնիշի 07 ՏՍ 643 համարանիշի, “ՎԱԶ 21 21” մակնիշի 55 ՕՏ 080 համարանիշի, “Մերսեդես” մակնիշի 80 ՕԼ 007 համարանիշի և “Միցուբիշի Պաջեռո” մակնիշի 20 DԼ 001 համարանիշի ավտոմեքենաները:
Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչի որոշմամբ Ա. Սիմոնյանն ու Ս. Թովմասյանը ձերբակալված են: Օպերատիվ քննչական աշխատանքները ղեկավարել են ՈՔԳ գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության Կոտայքի և Արագածոտնի մարզային վարչության պետեր Գրիշա Բադալյանն ու Գոռ Ալեքսանյանը, Ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանը, Նաիրիի ոստիկանապետ` Արթուր Բիչաղչյանը և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար` Արսեն Արշակյանը: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս