Ադրբեջանում բանտարկված իրավապաշտպանը կտրել է երակները. մայրը հայտնում է անմարդկային վերաբերմունքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպան Թալեհ Հասմամեդովը գտնվում է ծանր վիճակում Արդարադատության նախարարության բժշկական հաստատությունում: Այս մասին ինչպես գրում է contact.az-ը, հայտնել է Turan գործակալությանը ձերբակալվածի մայր Գյուլբուտ Հասմամեդովան:

Նա հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իր որդին 10 օր հացադուլ է հայտարարել ու կտրել է իր երակները` ի նշան բողոքի ապօրինի ձերբակալությունների ու անմարդկային վերաբերմունքի դեմ:

Հասմամեդովայի խոսքերով՝ նրա որդին բողոքել է անմարդկային վերաբերմունքից: Այսպես՝ ձերբակալության պահից նրան չեն փոխանցել տնից ուղարկված սնունդը, դեղորայքն ու բժիշկներ չեն կանչվել: Նրան մաքուր հագուստ չեն փոխանցել, ձերբակալված լինելու ողջ ընթացքում չեն թողել լողանալ ու զանգահարել հարազատներին:

Բացի այդ, իրավապաշտպանին տեղավորել են հոգեպես ոչ ադեկվատ մարդկանց հետ նույն բանտախցում: Տեղեկացվում է, որ 10 օր առաջ նա հացադուլ է հայտարարել ու տեղափոխվել է Մաշտագիի հոգեբուժարան, որտեղ կտրել է երակներն ու 2 օր առաջ տեղափոխվել Արդարադատության նախարության բուժհաստատություն:

Հավելենք, որ իրավապաշտպան ու երկրի իշխանությունների հասցեին քննադատությամբ հայտնի Հասմամեդովը ձերբակալվել էր փետրվարի 24-ին խուլիգանության մեղադրանքով:




Լրահոս