20 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորի գործի նախաքննությունն ավարտվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը:

Խ. Խաչատրյանն իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:

Armlur.am-ի հետ զրույցում Խաչատուր Խաչատրյանի պաշտպան Կարեն Թումանյանը հայտնեց, որ մի քանի օրից գործով նախաքննությունը կավարտվի: Պաշտպանի փոխանցմամբ` նախկին դատավորը դեռևս ցուցմունք չի տվել:

Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար):

Այսպես, դատավորն իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով որոշում է կայացրել քաղաքացի Սեյրան Կարապետյանի հիմնադրած ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ: Սնանկության հետագա գործընթացում, ինչպես իր լիազորությունների շրջանակում Ս. Կ.-ի օգտին գործողություններ կատարելու, այնպես էլ պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է` ՍՊ ընկերության կողմից գրավադրված անշարժ գույքը աճուրդի եղանակով օտարելու գործընթացը երկարաձգելու, այդ կերպ Ս. Կ.-ին շահավետ պայմաններով գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց դատավորը պահանջել և Ս. Կ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Դատավորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հիշեցնենք, որ Armlur.am-ն այս դեպքին արդեն անդրադարձել էր և որոշ մանրամասներ ներկայացրել: Մասնավորապես` տեսանյութ, որում երևում է` ինչպես է դատավոր Խաչատուր Խաչատրյանը կաշառք վերցնում և խոստանում այցելուի հարցերը լուծել: «Ես կամ, որ քեզ օգնեմ»,- ասում է դատավորը:




Լրահոս