ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու փաստը երեկ քննարկվում էր ՀՀ Ազգային Ժողովում: Շվեյցարիան հանդես է եկել միջնորդությամբ, որ Հայաստանի ու Հունգարիայի հարաբերությունները վերականգնվեն:

ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է արել Հունգարիայի Հանրապետությունը, որ Ադրբեջանին է հանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որտեղ նրան հերոսի կոչում են տվել: Ըստ Ձեզ՝ կատարվածին ինչպե՞ս պետք է արձագանքի միջազգային հանրությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը նույնպես, ինչպես Եվրամիությունը, մտահոգված է սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի ներմամբ:
Դաշնային կառավարությունը Ադրբեջանին եւ Հայաստանին զսպվածության կոչ է անում եւ երկու երկրներից  պահանջում ջանքեր ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման հասնելու համար:

ՌԱՅՆԵՐ ՄՈՐԵԼԻ
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային
Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

ՊԱՏԱՍԽԱՆ. Սպասվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունն այս հարցի վերաբերյալ: Իսկ թե ինչու է ուշանում հայտարարությունը, մենք չենք կարող ասել՝ ինչն է պատճառը:  

Լիլիթ Քալանթարյան
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հասարակայնության
 հետ կապերիեւ տեղեկատվության բաժնի պատասխանատու

ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք հիմա այդ հարցին չենք կարող արձագանքել: Պատասխան չունենք:

ՀՀ-ում Լիբանանի դեսպանատուն

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքը Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ այնտեղ նրան ազատություն շնորհելու փաստին արդեն կա: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի անունից տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանը խորապես մտահոգ է Բաքվի կողմից Սաֆարովին արդարացնելու եւ ազատելու, ինչպես նաեւ նրան արտահանձնելու Հունգարիայի որոշմամբ: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր համարվող Ռուսաստանում խորը մտահոգությամբ ընդունեցին 2004թ. Հունգարիայում առանձնակի դաժանությամբ հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռ. Սաֆարովին Բաքվի կողմից ներում շնորհելու մասին տեղեկությունը, ինչպես եւ Հունգարիայի իշխանությունների կողմից նրան արտահանձնելու մասին որոշումը: Համարում ենք, որ Ադրբեջանի, հավասարապես նաեւ Հունգարիայի իշխանությունների այդ գործողությունները հակադրվում են միջազգային մակարդակում, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով համաձայնեցված ջանքերին ուղղված տարածաշրջանում լարվածության մեղմացմանը: Ակնկալում ենք նաեւ, որ ստեղծված իրադրությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համապատասխան գնահատականը կհնչի ամենամոտ ժամանակում»,-նշված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության
արտգործնախարարության արձագանքը
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս