ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, ԱԺ նախօրեի արտահերթ նիստում հերթական անգամ փայլատակել է լրագրողների հետ շփվելու իր հմտությամբ ու «սիրալիրությամբ»:
Երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է Արմավիրի մարզում ամենատարբեր կրիմինալ պատմությունների մեջ թաթախված Նովոյից տեղեկանալ՝ պատրաստվում է արդյոք գրավի դիմաց ազատ արձակել այժմ կալանքի տակ գտնվող որդուն՝ Արտակ Գեւորգյանին, վերջինս հարձակվել է. «Խի՞, սիրտդ ցավո՞ւմ ա, էնքան շոուներ եք սարքել: Բան չկա»: Մեկ այլ լրագրողի հարցին պատասխանելիս էլ նույնքան կոռեկտ է գտնվել. «Դավայ, դավայ…»:
Ավելի քան 13 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում այս «ազգընտիրը» մեկ նախադասություն անգամ չի արտաբերել ո՛չ խորհրդարանի ամբիոնից, ո՛չ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում, ո՛չ էլ միջազգային կառույցներում: Ավելին, նույնիսկ ընկերական շրջապատում էլ գլուխ է գովում, թե ի տարբերություն իր կոլեգաների՝ ինքը կյանքում լրագրողներին հարցազրույց տված չկա: Փոխարենը նա մշտապես աչքի է ընկնում լրագրողների հանդեպ նման «հարգալից» կեցվածքով. մե՛կ սպառնում է լրագրողի գլուխը թռցնել, մե՛կ «դավայ-դավայ» հաճոյախոսություններով է պատասխանում, ու այդպես շարունակ: Իսկ խորհրդարանի պատերից դուրս նրա գործունեության արդյունքում անունը շոշափվում է Արմավիրի մարզում տարբեր հանցագործությունների, ընդհուպ մինչեւ մարդկանց առեւանգման, ծեծի ենթարկելու եւ սպանությունների համատեքստում:
Ամեն անգամ նրա այս արկածներն ու խորհրդարանական «ակտիվ գործունեությունը» չեն խանգարում, որպեսզի Նովոն ՀՀԿ ցուցակով կրկին ու կրկին դառնա պատգամավոր: Ընդ որում, այս անգամ նա ՀՀԿ համամասնական ցուցակում բավական բարձր հորիզոնական էր զբաղեցնում՝ հենց Սերժ Սարգսյանի ուղղակի «դաբրոյով»:
Հետաքրքիր է՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսքանից հետո քննության կառնի՞ Նահապետ Գեւորգյանի պահվածքն ու համապատասխան եզրակացություն կտա՞, թե՞ Նովոն կշարունակի լրագրողներին նման «հաճոյախոսություններ» շռայլել: ՀՀ գլխավոր դատախազության մասին որեւէ բան չենք ասում, քանի որ «Հետք»-ի լրագրողի ներկայացրած դիմումը՝ ընդդեմ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, կանխատեսելի մերժում ստացավ: Հայաստանում չկա անկախ իրավապահ համակարգ:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը, ձերբակալվել էր ավազակային հարձակում իրականացնելու մեղադրանքով զենքի սպառնալիքով երկու մեքենա առեւանգելու համար: Նրա դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռեւս չի ավարտվել, իսկ Ա. Գեւորգյանը շարունակում է մնալ կալանքի տակ:
ՆՈՎՈՆ՝ ՀԱՅ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՀԱՅՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ