Երգիչ ԱՐՄԵՆ ԽՈՒԲԼԱՐՅԱՆԸ սեպտեմբերի 12-ին կներկայացնի իր նոր՝ թվով երկրորդ «Բարեւ, բարեւ» ձայնասկավառակը: Դրանում տեղ գտած երգերի մեծամասնության հեղինակը հենց ինքն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցի ընթացքում երգիչն ասաց, որ սեպտեմբերի 12-ին նաեւ իր ծննդյան օրն է. «Դե 2012 թիվն է, երգերի քանակն էլ 12 է, շնորհանդեսն էլ իմ ծննդյան օրն է` սեպտեմբերի 12-ին: Ստացվեց, որ ես ինձ մեծ նվեր եմ անում»:
-Եթե նկատել եք, այսօր քիչ ձայնասկավառակներ են լույս աշխարհ գալիս, քանի որ ինտերնետի միջոցով երգերը շատ արագ են տարածվում: Հենց վաճառքի օրվանից սկսած` ինտերնետում այն տեղադրում են, տարածում, ու մարդիկ էլ չեն գնում ձայնասկավառակը: Դրանից է, որ շատ երգիչներ հրաժարվել են ձայնասկավառակ տպագրելուց: Միեւնույն է, նախկինի պես չի լինի, սպասելիքներն էլ չեն արդարացվում: Ես էլ ձայնասկավառակ թողարկում եմ, քանի որ իմ աուդիտորիային, իմ երգը սիրողներին ուզում եմ նորություն մատուցել ու նաեւ մենահամերգիս էլ նոր երգերով հանդես գալ: Գարնանը ես մենահամերգ կունենամ, բայց մինչ այդ կներկայացնեմ մի քանի տեսահոլովակ:
-Ինչքա՞ն գումար է ծախսվել ձայնասկավառակը պատրաստելու համար:
-Դա կարեւո՞ր է, ես չեմ սիրում գումարների մասին բարձրաձայնել: Լավ, այսպես ասեմ, բավականին շատ: Մի երգի միջին գործիքավորումը սկսում է 300-350 հազար դրամից ու ավելի, կան երգեր, որոնց մեջ նաեւ կենդանի գործիքներ են նվագում, ամեն մեկն էլ իր արժեքն ունի:
-Ի՞նչ եք կարծում, ձայնասկավառակների վաճառքից գոնե Ձեր ծախսած գումարի կեսը հետ կգա՞:
-Ես դա չեմ անում, որ գումարը հետ գա: Մի օր ընկերներիցս մեկն ասաց՝ ես հասկանում եմ, թե դու ինչքան ես սիրում երգել, ու քեզ համար գումարն ինչքան անկարեւոր է: Իմ հիմնական եկամուտն իմ շրջագայություններից ու դրսի համերգներից է լինում: Նաեւ անուն ես ձեռք բերում, իսկ քո անունը քեզ համար ամեն ինչ է:
Ձայնասկավառակից, անկեղծ եմ ասում, ոչ մի գումար չեմ վաստակում, այդ ամենն անում են անունիս համար:
-Փաստորեն, այստեղ գումար շատ չե՞ք վաստակում, եթե Ձեր եկամտի մի մասը գալիս է շրջագայություններից:
-Ես կասեի՝ մեծ մասը արտերկրում գտնվող մեր հայրենակիցներն են հրավերքներ անում: Հիմա էլ պատրաստվում եմ գնալ Ստավրոպոլ, հետո կգամ ու կմեկնեմ Նիժնի Նովգորոդ, հետո էլ` Մոսկվա… Տարբեր կարգի միջոցառումների պետք է մասնակցեմ` պարահանդեսներ, տարբեր հավաքույթներ, հարսանեկան արարողություններ… Ես ինձ երբեք չեմ առանձնացնում ժողովրդից, ոչ էլ աստղ եմ համարում, ինձ Աստծուց տրված է շնորհք, ես էլ երգում եմ:
-Դուք տարբեր երկրներում եք եղել, այնտեղ մնալու եւ աշխատելու հրավերներ չե՞ք ստացել:
-Լավ նկատեցիք, հրավերներ բազմիցս ստացել եմ, ի դեպ, ասեմ՝ շանսոն ոճին էլ եմ տիրապետում, ռուսերեն ռեպերտուար էլ ունեմ, բայց մի անգամ է եղել, որ փորձել եմ մի քիչ երկար Ռուսաստանում աշխատել: Սակայն երբ 4 ամիսը լրացավ, հասկացա, որ շատ կապված եմ իմ հող ու ջրին, կարոտն ինձ խեղդում էր, ես էլ վերադարձա: Երբ վատ տարիներ էին, երկրաշարժ, լույս չկար, իմ երաժիշտ ընկերներից շատերը գնացին, բայց ես մնացի անդավաճան իմ սկզբունքներին ու երգարվեստին: Իմ վերջին կետն իմ Հայաստան աշխարհն է, իմ տունն է, հողն ու ջուրն է, որին ես նվիրյալ եմ ու չեմ կարող երկար բացակայել: Ինձ համար Հայաստանից լավ տեղ չկա: Մի համեմատություն անեմ. երբ թռչունին վանդակի մեջ ես դնում, ինչքան էլ լավ պահես նրան, կեր ու ջուր տաս, միեւնույն է, նա կուզի ազատ լինել: Մեծ բավականություն եմ ստանում երգելուց, մանավանդ համերգի ժամանակ մեծ ադրենալին եմ ստանում, երբ տեսնում եմ, որ ժողովուրդը բղավում է, ծափ տալիս, իմ հետ երգում…
-Շատ երգիչներ իրենց ելույթի համար ունեն հստակ սահմանված գին, Ձեր պարագայում ինչպե՞ս է, ընկերական հիմունքները գործո՞ւմ են:
-Ընկերական էլ կա, գործնական էլ: Նորմալ եմ համարում, որ ամեն երգիչ ունի իր հոնորարի չափը:
-Ինչ-որ կոնկրետ վայրում աշխատանք ունե՞ք:
-2013թ. կլրանա 10 տարին, որ աշխատում եմ «Օջախ» ռեստորանային համալիրում:
-Միջոցառումներին ամենից շատ ի՞նչ տեսակի երգեր են ցանկանում լսել:
-Մեր հայկական ժողովրդական երգերն են շատ լսում, ազգագրական, շուրջպար կամ երգեր` նվիրված ծնողներին, հայրենիքին: Մի քիչ էլ օտարամոլություն կա, պատահում է՝ դիջեյով են հարսանիք անցկացնում, բայց դե կնունք, ծնունդ, հարսանիքներին գերակշռողը, իհարկե, հայկականն է: Ինքս էլ տարբեր ոճերում եմ հանդես գալիս:
-Իսկ չե՞ք լսել, որ Ձեզ որակավորեն որպես ռաբիս երգիչ:
-Ես դրանից վատ չեմ զգում, եթե իմ երգերն այդքան վատը լինեին, օտարազգի կատարողները չէին ցանկանա երգել: Իմ երգերից երեքը լսեցի վրացի երգչի կատարմամբ, մի քանիսն էլ ռուսերեն են երգում: Իսկ ռաբիսի մեջ վատ բան չեմ տեսնում, դա «ՐՈոՏփպպ ՌրՍցրրՑՉՏ» արտահայտությունից է: Կա նաեւ ուրիշ բան, նույն երգը կարող է կատարի 10 երգիչ, բայց ամեն մեկն իր մեկնաբանությամբ: Մեկն այդ երգը օպերային ձեւով երգի, մյուսը` ռաբիս, երրորդն էլ՝ շանսոն ոճի մեջ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԼԱՎ ՏԵՂ ՉԿԱ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ