«Ժառանգություն» կուսակցության ներսում առկա խնդիրների և տարաձայնությունների մասին վաղուց է խոսվում: Այդ ամենն ակնհայտ դարձավ հատկապես մարտի 12-ից հետո:
Հիշեցնենք, որ այդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ հանդիպումներ անցկացրեց խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, իսկ «Ժառանգություն»-ից հանդիպմանը մասնակցում էին Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը:
«Ժառանգություն» կուսակցության` հանդիպմանը մասնակցելը զարմացրել էր շատերին, քանի որ վերջիններս մշտապես արտահայտվել էին սահմանադրական բարեփոխումներին դեմ, սակայն այդ օրը ներկայացան հանդիպմանը: Կուսակցության հասցեին քննադատությունները հաջորդում էին մեկը մյուսին:
Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշել էր, թե հրավեր է եղել Սերժ Սարգսյանի կողմից, այդ պատճառով են գնացել, և կարծիք էր հայտնել, թե նման քննադատություններով ցանկանում են «Ժառանգությանը» շարքից հանել;
Ինչպես հայտնի է` կուսակցության ներկայացուցիչների և ՀՀ նախագահի հանդիպումը հատկապես ծանր էր տարել Զարուհի Փոստանջյանը: Նա այնքան էր զայրացել, որ նույնիսկ բարձրաձայնել էր Ռ. Հակոբյանին և Ա. Մարտիրոսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը և նշել էր, թե վերջիններս «հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ»: Քննադատված գործիչներն ամեն կերպ խուսափում էին պատասխանել իրենց կուսակցին` նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները կլինեն վարչության նիստից հետո:
Մինչ երկրում և իր հարազատ կուսակցության ներսում կրքերը գնալով թեժանում էին, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում էր ԱՄՆ-ում: Բոլորը սպասում էին նրան` վարչության նիստն անցկացնելու և բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար: Վերջապես նախորդ օրը կայացավ այդքան սպասված վարչության նիստը, իսկ երեկ էլ` Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը, որը, պատասխանների փոխարեն, թերևս, ավելի շատ հարցեր առաջացրեց:
Մասնավորապես, Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, թե իրենց և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին կուսակցության ղեկավարը տեղյակ է, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվա ասուլիսում լրիվ այլ հայտարարություն արեց:
«Ես ինքս չէի գնա նման հանդիպման, բայց նաև տեղյակ էի դրա կայացման հնարավորության մասին, բայց որ հանդիպումը եղել է, տեղեկացա միայն դրանից հետո»,- նշել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կուսակցությանը ներսում ամեն ինչ խառն է, և կարծես մեկը մյուսից տեղյակ չէ; Ստացվում է` կուսակցության փոխնախագահը, ով Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայության ժամանակ եղել է պատասխանատուն, քայլ է կատարել առանց վերջինիս տեղեկացման:
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նաև հայտարարել է, որ այսօր երկու օրով մեկնելու է Փարիզ` մասնակցելու Ցեղասպանության հետ կապված միջոցառմանը, այնուհետև, ապրիլի 5-ին տեղի կունենա կուսակցության ընդլայնված նիստ: Ստացվում է, որ կուսակցության առաջնորդը, ով պետք է ղեկավարի իր կուսակիցներին, փորձի հարթել ստեղծված խնդիրներրը, կրկին նրանց մենակ է թողնում և հեռանում: Իսկ ո՞ւր մնացին իշխանափոխության մասին խոստումները, թիմի հետ միասնական պայքարը, առկա տարաձայնությունների մասին հերքումները…