Ապրիլի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիետ Շուրմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման ուղղությամբ ՀՀ ՊՆ իրավասության շրջանակում կատարվող աշխատանքները, կարծիքներ փոխանակվեցին զինված ուժերում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման և իրավունքների պաշտպանության ոլորտում նաև ՆԱՏՕ-ի փորձի ուսումնասիրության և այս ուղղությամբ համագործակցության խորացման վերաբերյալ:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ ՀՀ ՊՆ-ն պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում սեփական փորձը ևս ներկայացնել գործընկեր պետություններին: Նա հավելեց, որ ՀՀ ՊՆ կողմից որդեգրած քայլ առ քայլ քաղաքականությունն իրեն արդարացնում է, որի ցուցիչներից են կանանց ներգրավումը պաշտպանական քաղաքականության ձևավորման գործընթացում, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում իգական սեռի կուրսանտների թվի աստիճանական աճը:
Շեշտվեց, որ այս ուղղությամբ զարգացումների արդյունքում կդիտարկվի նաև միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ՀՀ ստորաբաժանումների կազմում կին զինծառայողների ընդգրկման հնարավորությունը: Դեսպան Շուրմանն իր հերթին նշեց, որ ՀՀ ՊՆ կողմից իրականացվող քայլերի արդյունավետությունը տեսանելի է, ինչին նպաստում է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ ՀՀ ՊՆ բաց ու կառուցողական աշխատանքը: Նա պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել այս ոլորտում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող աշխատանքներին ՀՀ ՊՆ ներկայացվածության մեծացման ուղղությամբ:
Դեսպան Մարիետ Շուրմանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է նաև ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի զինծառայող կանանց հետ: Քննարկվել են ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի կիրարկման միջազգային փորձի, զինված ուժերում կանանց դերի, նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր:
Հանդիպումներից հետո պատվիրակությունն ուղևորվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որտեղ հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավար կազմի, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում ուսանող իգական սեռի կուրսանտների հետ: Դեսպանի խնդրանքով կուրսանտները ներկայացրել են պրոֆեսիոնալ զինվորական ծառայության անցնելու իրենց պատմությունները, պատմել, թե ինչպես են ընտանիքները և շրջապատն արձագանքել զինված ուժերի հետ կյանքը կապելու իրենց որոշումներին, ընդգծել են հասարակության մեջ իգական սեռի կուրսանտների նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Կուրսանտների խնդրանքով պատվիրակության անդամներն էլ համառոտ ներկայացրել են իգական սեռի համար ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու և զինվորական ծառայության անցնելու միջազգային փորձը:
Բոլոր հանդիպումներն անցել են բաց ու անկեղծ երկխոսության մթնոլորտում: