Ինչպես ծոմ պահել Զատիկին, ապաշխարել, դուրս գալ պահքից. պատասխանում է քահանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Qahana.am կայքը պատասխանում է զատկական շրջանին վերաբորղ հարցերին.

1. Երբ պահել ծոմը, եթե ուզում ենք զատկական Ս. Հաղորդություն ստանալ.

3 օր շարունակ մատուցվում է Ս. Պատարագ.
1. Ճրագալույցի Ս. Պատարագ (ապրիլի 4)
2. Ս. Հարության՝ Զատկական պատարագ (ապրիլի 5)
3. Մեռելոցի Ս. Պատարագ (ապրիլի 6):

Եթե մարդը առողջ է, ապա կարելի է ուրբաթ երեկոյից պահել ծոմ և շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի Ս. Պատարագին մասնակցելով՝ ստանալ Ս. Հաղորդություն և այուհետև վայելել զատկական ուտեստը:

Եթե երկարատև ծոմապահությունը պահել բարդ է, ապա կարող եք ծոմ պահել շաբաթ երեկոյից և հաղորդվել կիրակի՝ զատկական Ս. Պատարագին: Եթե ծոմապահություն պահել հնարավոր չէ առողջական խնդիրների պատճառով, ապա կարող եք Ս. Հաղորդություն ստանալ երեք օրերին էլ:

Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան

2. Ինչպե՞ս կարելի է ծոմ պահել:

Ծոմապահությունը հիմնականում ըստ ցանկության է: Թեև ծոմապահությունը շատ չնչին վերապահումներով պարտադիր է: Երբ պատրաստվում ենք Ս. Հաղորդություն ստանալ` Քրիստոսի Մարմինն ու Արյունը խորհրդանշող հացն ու գինին ճաշակել, պետք է ծոմ պահել դեռևս նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո: Թույլատրվում է միայն ջուր խմել: Իսկ եթե Ս. Հաղորդություն ստացողը հղի է կամ առողջական խնդիրներ ունեցող մարդ, ապա թույլատրվում է հաց ուտել և ջուր խմել: Մնացած դեպքերում ծոմ պահողն ինքն է որոշում` երբ և ինչ ժամկետով ծոմ պահի: Սակայն այդ որոշումը պարտադիր պետք է համաձայնեցվի հոգևորականի հետ, որպեսզի իմանա ծոմապահության հոգևոր խորհուրդը: Ծոմապահությունն առանց աղոթքի և հոգևոր սննդի կդառնա անիմաստ:

3. Ինչպե՞ս ապաշխարել, որպեսզի ճիշտ ապաշխարություն լինի և ընդունվի Աստծո կողմից:

Եթե զղջում ես կատարածդ հանցանքերի համար, անհրաժեշտ է` խոստովանել քահանայի առջև և թողություն ստանալ: Աստված Ադամին մեղքի համար արտաքսեց դրախտից և ասաց. «Երեսիդ քրտինքով քո հացը վաստակես» (Ծննդ. 3: 19): Մենք առանց քրտինքի ապաշխարել չենք կարողանա: Ապաշխարությունն անցնում է աղոթքով, ծոմապահությամբ, պահեցողությամբ, բարեգործությամբ, տևական կապ ունենալով քահանայի հետ: Ապաշխարությունը մոտեցնում է Աստծուն, ուստի մեր ապաշխարությունը ոչ թե Աստծուն է անհրաժեշտ, այլ՝ մեզ:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

4. Ինչպե՞ս դուրս գալ Մեծ պահքից և ծոմից:

Առողջությանը չվնասելու համար՝ ցանկացած պահքից և ծոմից դուրս պետք է գալ նուրբ՝ թեթև կերակուրներով՝ խաշիլներ՝ կանաչեղեն, ձուկ, զատկական փլավ, կաթնամթերք և այլն: Թեև հավկիթը համարվում է ծանր կերակուր, սակայն զատկական հավկիթը՝ իր վրա կրելով հոգևոր աստվածային շնորհ, դուրս է այդ խնդրից:
Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան

5. Ս. Հարության՝ Զատիկի տոնն ինչպե՞ս պետք է նշել հայկական ընտանիքներում:

Այն պետք է նշել նախ եկեղեցում՝ մասնակցելով Ս. Պատարագին, հաղորդվելով Քրիստոսի փրկարար Մարմնին և Արյանը:

Զատկական օրերին հարկ է հրավիրել քահանային` կատարելու տնօրհնեք: Զատկին հավկիթ են ներկում, պատրաստում են համեմատաբար թեթև ուտեստներ` հաշվի առնելով անցած պահքի տևական լինելը:

Ս. Հարության տոնը քրիստոնյաների համար մեծագույն տոներից է: Հարկ է նվերներ պատրաստել բարեկամներին, հարազատներին, այցելել և շնորհավորել «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով:

Ս. Հարության տոնը նաև Հարություն անունը կրողների և Հարությունյան գերդաստանների անվանակոչության օրն է:
Օրհնությամբ՝ Տեր Շահե քահանա Հայրապետյան

6. Ս. Հարության՝ Զատիկի տոնը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասունքը:

Նման բան չկա: Հանգուցյալի մահվան օրվանից հաշվեք 40 օր և այդ օրը կատարեք ննջեցյալի մահվան քառասունքը:

Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան




Լրահոս