«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կարապետ Գուլոյանին Կոտայքի մարզպետ նշանակելը ոչ թե Գագիկ Ծառուկյանին սիրաշահելու շարքից էր, այլ, ընդհակաոակը՝ կիրառված պատժամիջոցների շարունակություն: Կառավարման համակարգին քաջատեղյակ մի անձնավորություն երեկ հետաքրքիր միտք արտահայտեց, ընտրովի պաշտոնից մարդիկ առհասարակ հեռանում են երկու դեպքում, կամ երբ նրանց դեմ գործ է հարուցվում, և քրեական պատասխանատվության են ենթարկվում, կամ էլ՝ երբ այլ պաշտոն են առաջարկում: Կարապետ Գուլոյանի դեպքում եղավ երկրորդ տարբերակը: Մեր աղբյուրը վստահեցնում է, որ Ծառուկյանի փեսան երկար չի դիմանա մարզպետի պաշտոնում, առավելագույնը՝ մինչև տարվա վերջ: Իսկ մարզպետ նշանակեցին, քանի որ դա ամենալավ տարբերակն էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զավթելու և իրենց իշխանությունն Աբովյանում տարածելու համար:
Այժմ Ծառուկյանի մարզպետ փեսան ամբողջովին կախված է իշխանություններից, նրան ամեն րոպե կարող են ազատել աշխատանքից ինչ-ինչ թերացումների համար՝ ավարտին հասցնելով Ծառուկյանի դեմ սկսված պատերազմը, նաև ապահովելով ապագա ընտրություններում իրենց հաղթանակը Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող տարածքում: Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր առաջադրվելու և հաղթելու մասին վստահորեն հայտարարած Պալաչը, ոտուձեռ ընկած, փորձում է իշխող ՀՀԿ-ի կողմից «դաբրո» ստանալ: Սակայն առայժմ կարծես թե, չի հաջողվում, դեռ բանակցություններ են ընթանում։ ՀՀԿ-ն կարող է այդտեղ այլ մարդու առաջադրել, օրինակ՝ ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար, Հրազդսյնի հարկայինի պետի տեղակալ Արմեն Գրիգորյանին: Չի բացառվում, որ ծառուկյանական թևը ևս թեկնածու առաջադրի: Հավանական է համարվում քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար, Կարապետ Գուլոյանի մտերիմ Անդրանիկ Պետրոսյանի թեկնածությունը, որն ընդամենը մեկ ամիս է, ինչ աշխատում է քաղաքապետարանում: Սակայն իշխանություններն Աբովյանը չեն զիջի Ծառուկյանին»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։