ԻՇԽԱՆԱՄԵՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միության կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մեզ ճռճռան խոսքեր պետք չեն, մեր գաղափարախոսությունը կամաց-կամաց իր տեղը կունենա,  չնայած որ  հիմա էլ ունենք»: Խոսրով Հարությունյանի հետ հանդիպեցինք կուսակցության գրասենյակում, որը ապահովված էր աշխատանքային բոլոր պայմաններով: ՀՔԴՄ-ն գրասենյակներ ունի նաեւ մարզերում. Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում ու Մարտունիում: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ի՞նչ միջոցներով է պահվում կուսակցությունը`  իր գրասենյակներով, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Կուսակցությունը պահվում է անդամավճարների եւ իր անձնական ֆինանսական ներդրումների միջոցով: Ֆինանսավորողներ չունենք, չենք էլ փնտրել, որովհետեւ ֆինանսավորում` նշանակում է նաեւ կախվածություն, իսկ ես որեւէ մեկից կախվածություն չեմ ուզում»,- վստահեցրեց Հարությունյանը: Մեր հարցին, թե ՀՔԴՄ-ն մասնակցելո՞ւ է առաջիկա ԱԺ ընտրություններին, պարոն Հարությունյանն ասաց. «Մենք պրոցեսում կանք, դա անկասկած, բայց դեռ չենք քննարկել առաջիկա ընտրություններին մեր մասնակցության ձեւի մասին»: Թե քաղաքական դաշտի որ բեւեռում է գործունեություն ծավալում ՀՔԴՄ-ն, փորձեցինք պարզել Հանրային խորհրդի անդամ կուսակցապետից: «Մենք իշխանամետ դիրքորոշում ունենք, մենք ընտրությունների ժամանակ պաշտպանեցինք Սերժ Սարգսյանին եւ հիմա Էլ սատարում ենք նրանց կողմից ձեւավորված կառավարության գործունեությունը»,- նշեց 2182 անդամ ունեցող կուսակցության լիդերը: Փաստորեն, ՔԴՄ-ն չունենալով իշխանություն, միաժամանակ իրեն ընդդիմադիր էլ չի պատկերացնում: Դասախոս, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը` որպես կուսակցության ղեկավար, վերջերս քննարկել է գյուղատնտեսության խնդիրները` առաջարկելով իր մոդելը: «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունը միտված չի եղել շարքային գյուղացուն աջակցելուն, նրա կարողություններն ու հնարավորություններն ավելացնելուն: Պետք է նպաստել դրան` հստակ ծրագրերով»,- նշեց Հարությունյանը:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս