Էդ ինքն է մարդկանց վիրավորել… կմեծանա` կհասկանա. Միքայել Պողոսյանը` Հայկոյի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Կինոյի մասին» օրենք մշակելու թեմայի շուրջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը աննախադեպ թվով դիտելիություն արձանագրած «Սուպեր մամա» ֆիլմի վերաբերյալ կարծիք հայտնելուց հետո համացանցում իսկական իրարանցում ստեղծեց:

«Ասացի` գնամ, էդ «Սուպեր մամա»-ն նայեմ, տեսնեմ` ֆենոմենն ինչի՞ մեջ է: 15 րոպեից ես փախա դահլիճից»,-ասել էր նա` կինոարտադրողների մասին կարծիք արտահայտելիս: Միքայել Պողոսյանը համոզմունք էր հայտնել, որ այսօր, որպես կանոն, ֆիլմ են նկարահանում նրանք, ովքեր գումար են հայթայթում. «Խուտուտչիների, КВН-շիկների մի տարափ է մեր գլխին թափվել»,-հավելել էր դերասանը` նկատելով, որ դաշտում կանոնակարգում է անհրաժեշտ:

Նրա այս հայտարարությունն անտարբեր չթողեց ոչ միայն «Սուպեր մամա»-ի սիրահարներին, այլեւ` ֆիլմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Հայկ Մարությանին: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հիշեցրեց, որ ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220 հազար մարդ, իսկ ինտերնետային տարբերակով եւ հեռուստատեսությամբ` մեկ ամսվա ընթացքում մոտ 3 միլիոն մարդ:

«Նա դիպչում է ոչ թե ֆիլմի ստեղծողներին, այլ վիրավորում է 3 միլիոնից ավել մարդկանց, ում դուր է եկել այս ֆիլմը»,-սոցցանցի իր էջում գրել էր Հայկը: Այս արտահայտությունը ծիծաղի տեղիք տվեց Միքայել Պողոսյանի մոտ: «Էդ ինքն է մարդկանց վիրավորել, ինքը ուղղակի դեռ չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, կմեծանա` կհասկանա»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց դերասանը: Անդրադառնալով ֆիլմի բարձր վարկանիշին` նա նկատեց. «Ժողովրդից ամեն ինչ կարելի է սովորել, բացի` ճաշակից. «Եթե ժողովուրդը նման ֆիլմեր դիտելու է գնում, դա բացարձակապես չափանիշ չէ: Այն, ինչ ստեղծվում է այդ ֆիլմերի միջոցով, զուրկ է հոգեւոր, արվեստին մոտ սկզբունքներից»:

Հայկ Մարությանն իր էջում անդրադառնալով Միքայել Պողոսյանի` դահլիճից փախչելու վերաբերյալ արված արտահայտությանը, գրել էր. «Այս կապակցությամբ կուզեի նշել, որ վերջին տարիներին շատ մտավորականներ փախչում են ոչ միայն դահլիճից, այլեւ` իրականությունից եւ որ ամենացավալին է` ժողովրդից ու թողնում նրան միայնակ ամենածանր պահերին»: Միքայել Պողոսյանն այս առնչությամբ ընդգծեց. «Դա իր խնդիրն է, իր մտածողությունն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու, բայց անճաշակությամբ եւ գռեհկությամբ ժողովրդի թիկունքին չեն կանգնում: Այդքան բան»,-մեր զրույցը եզրափակեց դերասանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս