«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում քաղբանտարկյալների թիվը երեկ հինգով ավելացավ: Առավոտյան լուրեր ստացվեցին, որ ՀՀ իրավապահները սկսել են ձերբակալել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմին: Միաժամանակ խուզարկություններ էին ընթանում նախաձեռնության երեւանյան եւ մի քանի մարզային գրասենյակներում ու բերման ենթարկվածների բնակարաններում: Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեի՝ երեկ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածները հինգն են՝ Ժիրայր Սէֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյան, Գեւորգ Սաֆարյան եւ Գարեգին Չուքասզյան: «Ժողովուրդ»-ը դեռեւս մարտի 19-ի համարում գրել էր, որ ՀՀ ղեկավարությունը հրահանգել է առնվազն մինչեւ ապրիլի վերջը մեկուսացնել Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա կողմնակիցներից մի քանիսին:
Սակայն հարց էր, թե ինչպես էին դա անելու: Ինչպես ցույց տվեց ժամանակը՝ բոլոր սադրանքները, այդ թվում քրեական տարերի ներգրավմամբ, օգուտ չտվեցին: Ուստի միակ հույսը, ինչպես միշտ, մնաց փորձառու Աղվան Հովսեփյանի երեւակայությունը, որն էլ գործի է դրվել: Չէ՞ որ Հովսեփյանը գործեր է սարքել «սովետների» ժամանակ, ԽՍՀՄ-ի, ՀՀՇ-ի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Դա եղել է նրա գլխավորած իրավապահ կառույցի առջեւ դրված գերագույն պայմանը:
Հ. Գ. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սէֆիլյանի եւ նրա թիմակիցների տանը խուզարկության ժամանակ իրավապահները հիմնականում գտել են մահակներ: Իսկ թե դրանք ինչ տեսք ու վտանգավորություն ունեն, մեկնաբանության հարց է: Հարկ եղած դեպքում նույնիսկ «պոլիփեդ» պահելու համար կարելի է մարդուն զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք առաջադրել: Ի վերջո, Աղվան Հովսեփյանն այդ փորձը կիրառել է դեռ 2008-ին՝ հարյուրավոր քաղաքացիների լցնելով բանտերը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: