Պերմյակովին կրկնակի ցմահ ազատազրկում է սպառնում. «Կոմերսանտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գրում է «Կոմերսանտը», երեկ դատարանը երկարաձգել է Գյումրիում զանգվածային սպանության մեջ մեղադրվող շարքային Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը: Դատական լսումների ժամանակ պարզվել է, որ ՌԴ հետաքննչական կոմիտեն խստացրել ու կոնկրետացրել է նրան ավելի վաղ ներկայացված մեղադրանքները: Դրա միայն երկու կետով Պերմյակովին սպառնում է ցմահ բանտարկություն:

5-րդ կայազորային ռազմական դատարանի արտագնա նիստը տեղի է ունեցել ՌԴ 102-րդ ռազմաբազայում: Թերթի տվյալներով՝ արտագնա նիստ անցկացնել պնդել են հետաքննությունը վարողները՝ մտավախություն ունենալով, որ զինծառայողին Երևան, որտեղ գտնվում է դատարանը, տեղափոխելու ճանապարհին նրա զոհերի հարազատները կարող էին փորձել հաշվեհարդար լինել նրանից:

Դատավարությունը մի քանի ժամ է տևել: Արդյունքում դատարանը, բավարարելով հետաքննության միջնորդությունը, երկարացրել է Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը:

Խստացվել և կոնկրետացվել է Պերմյակովին առաջադրված մեղադրանքը: Սկզբում ռազմական հետաքննությունը նրան մեղադրել է Ռուսաստանի ՔՕ 2-րդ մասի 105-րդ հոդվածի «ա» կետով և 2-րդ մասի 338-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների համար (2 և ավելի անձանց սպանություն, ինչպես նաև` դասալքություն իրեն վստահված զենքով): Հիմա 105-րդ հոդվածին հետաքննությունն ավելացրել է հանցագործին հայտնի անօգնական վիճակում գտնվող անչափահասի կամ այլ անձի սպանություն: Պերմայկովին նաև զենքի անօրինական շրջանառության և դրա գողության մեղադրանք է առաջադրվել (Ռուսաստանի ՔՕ մաս 1, հոդված 222 և մաս 3, հոդված 226): Ընդ որում, 105-րդ հոդվածը ենթադրում է ցմահ ազատազրկում:

Բացի այդ` մեղադրանքի նոր տարբերակի կառուցվածքում հայտնվել է ՌԴ ՔՕ 33-րդ հոդվածը, որի համաձայն` զինծառայողը հանդիսացել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների, այդ թվում` մանկահասակ երեխաների սպանության անմիջական կատարողը:

«Կոմերսանտը» նշում է, որ, ամենայն հավանականությամբ, մեղադրանքի վերաորակումը հնարավոր է դարձել դատակենսաբանական փորձաքննությունից հետո: Զինծառայողի կոշիկների, համազգեստի, գլխարկի և մնացած իրերի վրայի կենսաբանական հետքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք համապատասխանում են Պերմյակովի արյան խմբին: Ավետիսյանների ընտանիքում այլ անձանց գտնվելու հետքեր չեն հայտնաբերվել:

Մինչ այդ Ավետիսյանների շահերը պաշտպանող փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտարարել է, որ ռուսական կողմի անցկացրած հետաքննությունն ապօրինի է, քանի որ հանցագործությունը կատարվել է զորամասից դուրս: Հենց այս պատճառով էլ նրա պաշտպանյալները հրաժարվել են իրենց տուժած ճանաչել ռուսական գործում:

«Մենք աշխատում ենք Հայաստանի հետաքննչական կոմիտեի հետ, որն էլ իր հետաքննությունն է անցկացնում»,- նշել է նա:




Լրահոս