“Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երեկ երեկոյան “Ժառանգություն” կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը և ԱԺ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են Հայաստան ժամանած ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Ողջունելով Ասոցացման, Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ ընթացող Հայաստան-ԵՄ բանակցությունները, “Ժառանգության” ներկայացուցիչները ուշադրություն են հրավիրել Հայաստանում քաղաքական ու տնտեսական կյանքի իրական ժողովրդավարացման, մենաշնորհների և համակարգային կոռուպցիայի վերացման անհրաժեշտության վրա: 2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ կարևորվել են թեկնածուների համար մրցակցային հավասար պայմանների ապահովումը, ընտրական գործընթացի շեշտակի բարելավումը:
“Ժառանգության” գլխավոր քարտուղարը անդրադարձավ 2012թ. մայիսին Բաքվում կայացած EURONEST վեհաժողովին, որտեղ դրսևորված հանդուրժողականությունը Ադրբեջանի նախագահի հակահայ պահվածքի հանդեպ հնարավոր դարձրեց հետագայում ցմահ դատապարտյալ Ռ. Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, ինչն ի սկզբանե ուղղված էր տարածաշրջանում լարվածության շիկացմանը: Սաֆարյանը ԵՄ հանձնակատարին կոչ արեց իբրև կատարվածի արձագանք խստացնել Բաքվին առաջադրվող պահանջները ԵՄ-Ադրբեջան ասոցացման բանակցություններում և հասնել վարչակազմի միջազգային հաշվետվողականության:
Ռ. Սաֆարովի շուրջ կատարվածն անհնար է դարձրել Արցախի` թեկուզ մեկ օր գոյությունը Ադրբեջանի կազմում, նույնիսկ մինչև ԼՂ կարգավիճակի վերջնական որոշում. “Ոչ մի հայ գեթ մեկ գիշեր չի կարող քնել Ադրբեջանի սահմաններից ներս, երբ գիշերը քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպանը հերոսացվում է Ալիևի ու նրա վարչախմբի կողմից”,- ընդգծել է Ստյոպա Սաֆարյանը:
ԵՄ հանձնակատարի հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներ: