Միջազգային մամուլի ուշադրությունից չի վրիպել Երևանում Քանյե Ուեսթի տված անվճար համերգն ու դրա խելահեղ ավարտը:
«Հայաստանում Քանյե Ուեսթն անվտանգ վայր է տեղափոխվել անվտանգության աշխատակիցների կողմից այն բանից հետո, երբ նրա խանդավառած երկրպագուները հետևել են ռեփերին ու ցատկել լիճը»,- գրում է Sky News-ն՝ անդրադառնալով երեկ ուշ երեկոյան Երևանի Կարապի լճում կայացած ռեփերի համերգին:
Հրատարակչությունը նշում է, որ ամերիկացի երաժիշտը ցատկել է ջուրը Երևանում անվճար համերգի ժամանակ՝ ստեղծելով քաոսային վիճակ, քանի որ նրա երկրպագուները հետևել են նրան:
«Անվտանգության ու ոստիկանության աշխատակիցները ցատկել են ջուրը, քանի որ երկրպագուներն ու լուսանկարիչները ևս ցատկել են Կարապի լիճ՝ հաջողված կադր անելու համար»,-գրում է հրատարակչությունը:
«Քանյե Ուեսթը պետք է որ ձանձրացած լիներ Հայաստան իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ու քենու՝ Քլոեի հետ այցի ընթացքում բոլոր տեսարժան վայրերից»,- գրում է Daily Mail-ը` պատմելով, որ 37-ամյա ռեփերը ցատկել է Կարապի լիճն ու զարմացրել իր երկրպագուներին:
Նշվում է, որ 21 Գրեմմիի մրցանակակիրը ցատկել է ջուր` հանկարծակիի բերելով ոստիկաններին ու անվտանգության աշխատակիցներին, ովքեր անմիջապես դադարեցրել են շոուն:
Հրատարակչությունը նշում է, որ Քանյեի երկրպագուներն առանց հապաղելու ցատկել են ջուրը հանրահայտ ռեփերի հետ սելֆի անելու համար: Ոչ ոք այնքան զարմացած չէր, որքան նրա կին Քիմը:
«Ինչպիսի խելահեղ գիշեր: Քանյեն ինձ արթնացրեց ու ասաց, որ նա ցանկանում է անվճար համերգ տալ Երևանում: Հազարավոր մարդիկ այնտեղ էին: Քանյեն ցատկեց Կարապի լիճը՝ լճի հակառակ կողմում գտնվող մարդկանց ավելի մոտ լինելու համար, շատ մարդիկ ևս ցատկեցին ջուրը: Սա այնքան հուզիչ ու խելահեղ գիշեր էր»,- գրել է Քիմ Քարդաշյանը Instagram-ում:
TMZ-ին իր հերթին ևս անդրադարձել է Քանյե Ուեսթի՝ Երևանում տված անվճար համերգին՝ նշելով, որ այն ավարտվել է Կարապի լիճ ռեփերի ցատկելուց հետո:
Հրատարակչությունը նշել է, որ Քանյեի այս քայլը Քիմ Քարդաշյանի ռեալիթի շոուի համար շատ մեծ PR կլինի: