Իջևանի ավագանու անդամին խոչընդոտել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ օրեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել Իջեւան քաղաքի մի բնակիչ եւ պահանջել, որ հանձաժողովը վերականգնի իր ոտնահարված իրավունքները:

Ինչից է սկսվել կռիվը. Իջեւանի երաժշտական դպրոցի ուսուցիչ Էդգար Ամիրյանը Իջեւան համայնքի ավագանու անդամի թեկնածություն է առաջադրել: Նա իր աշխատավայրի` դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանին դիմում է գրել, որպեսզի իրեն արձակուրդ տրամադրվի, եւ նա կարողանա իր քարոզարշավը հանգիստ իրականացնել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` դպրոցի տնօրենը տարբեր պատճառաբանություններ է առաջ քաշել եւ Էդգարին արձակուրդ չի տրամադրել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Էդգար Ամիրյանը հայտնել է, թե դպրոցի տնօրենը դիտավորյալ իրեն արձակուրդ չի տալիս, քանի որ տնօրենի ամուսնու եղբայրը եւս ավագանու թեկնածու է: Ուստի եւ նրանք ամեն ինչ անում են՝ իր քարոզարշավը խոչընդոտելու եւ դրա շնորհիվ դպրոցի տնօրենի եղբորն առաջ տանելու համար: Արդյունքում, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին այլ ելք չի մնացել, քան մարտին Էդգար Ամիրյանի դիմումը վարույթ ընդունել եւ դպրոցի տնօրենին ու ուսուցչին հրավիրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` հարցը քննարկելու համար:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանի հետ, որը վստահեցրեց, թե ինքը Էդգար Ամիրյանին առաջարկել է արձակուրդ, բայց ոչ նրա ներկայացրած պահանջներին համաձայն:

Ի դեպ, նշենք, որ Իջեւան քաղաքի թիվ 41 ընտրատարածքում, որտեղ ավագանու թեկնածություն է առաջադրել Էդգար Ամիրյանը, հանձնաժողովի նախագահը եղել է հենց Աիդա Սարգսյանը. «Էդգարն իմ բոլոր առաջարկներից հրաժարվեց, ինչ ասեմ, ընտրություններն էլ կայացան, եւ նա չընտրվեց: Ընտրությունն անցել է օրենքի շրջանակում: Մենք չենք խոչընդոտել, ինքներդ կարող եք գալ եւ ստուգել, համոզվել, ես ինձ նման բան թույլ չէի կարող տալ: Ախր երաժշտական դպրոցում Էդգարը շաբաթվա մեջ աշխատանքի է գալիս երկու անգամ եւ նա բավականին ժամանակ ուներ, որ հանգիստ իր քարոզարշավը իրականացներ:

Բայց նա իմ առաջարկած բոլոր տարբերակներից հրաժարվեց»: Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք իր տագրն ընտրվեց Իջեւանի ավագանու անդամ, ինչին ի պատասխան՝ Ա. Սարգսյանը հանգիստ տոնով պատասխանեց. «Այո՛, քանի որ նա միշտ մասնակցել է ավագանու ընտրություններին եւ անցել է»:
Ինչեւէ: Փաստն այն է, որ ավագանու անդամին այդպես էլ արձակուրդ չեն տվել` քարոզարշավն անխոչընդոտ իրականացնելու համար, եւ նա չի ընտրվել ավագանու անդամ: Ասել է թե` նրա իրավունքները ոտնահարվել են, եւ այս դեպքում բացառել, որ հակառակ պարագայում նա կարող էր ընտրվել, պարզապես հնարավոր չէ:

Քնար Մանուկյան




Լրահոս