Երեկ «Առաջին լրատվական»-ը տեղեկություն հրապարակեց, ըստ որի՝ իրենց տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որը վկայում է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 80-ական թվականներին ազատազրկվել է բռնաբարության համար եւ իր պատիժը կրել Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքի միլիցիոներների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում: Նշվում է, որ Ծառուկյանը լավ վարքի համար վաղաժամկետ ազատ է արձակվել: Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին մեղքն ընդունած Գագիկ Ծառուկյանը 80-ական թվականներին գործած բռնաբարության համար արդարացվել է Հայաստանի Գերագույն դատարանի կողմից:
«Ժողովուրդ»-ն այս թեմայի շուրջ զրուցեց ԱԺ պատգամավորների հետ՝ պարզելու, թե նրանց կարծիքով՝ ինչ հեռանկար է սպասվում ԲՀԿ առաջնորդին:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ական ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ
-Տիկի՛ն Աճեմյան, ԲՀԿ-ականների նկատմամբ օրեցօր ինչ-որ քրեական գործեր են «հայտնվում» եւ հարուցվում, ԲՀԿ-ական, նախկին քաղաքաշինության եւ առողջապահության նախարարների դեմ եւս գործեր են հարուցվել: Ի վերջո, ի՞նչ է կատարվում ԲՀԿ-ի շուրջ:
-Դուք չափազանցնում եք՝ նախկին նախարարների դեմ քրեական գործի հետ կապված, քաղաքաշինության նախկին վարչության պետի դեմ է հարուցված քրեական գործը, որը նախկինում աշխատել է եւ պատասխանատու է՝ Ազգային գրադարանում կատարված վերանորոգման հետ կապված:
-Բայց այդ տարիներին նախարարները եղել են ԲՀԿ-ականները, որից ակնհայտ երեւում է, որ այդ ամենն ուղղված է նրանց դեմ:
-Այս ընթացքում բազմաթիվ մարդկանց դեմ գործեր հարուցվել են, այդ մարդիկ էլ բնավ ԲՀԿ-ականներ չեն: Վազգեն Խաչիկյանը ԲՀԿ-ական չէր, եւ գիտեք, որ արդեն մի քանի հոգի ձերբակալվել են: Դուք եթե ընդհանրապես նայեք այդ խնդրին, ապա ես կարծում եմ, որ հատուկ կոնկրետ գիծ չկա ԲՀԿ-ի դեմ կամ որ ԲՀԿ-ի դեմ որեւէ ակցիա է իրականացվում: Մի՛ կապեք այդ հարցերը իրար, քանի որ ես տեղյակ եմ՝ ընդհանուր առմամբ ինչ է կատարվում:
-Այժմ էլ տեղեկություններ են հրապարակվել, որ նախկինում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է դատապարտված եղել բռնաբարության հոդվածով:
-Ես այդ ամենի մասին տեղյակ չեմ, դրա մասին առաջին անգամ եմ լսում, բայց չեմ կարծում, որ այդպիսի բան կա:
-Իսկ հնարավոր չե՞ք համարում, որ այդ հարցին ընթացք տրվի:
-Բայց ես տեղյակ չեմ, որ Գագիկ Ծառուկյանի դեմ երբեւէ քրեական գործ է հարուցվել, առաջին անգամ եմ լսում:
Միացյալ ազատական ազգային կուսակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ական ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Մարտիրոսյան, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 80-ական թվականներին ազատազրկվել է բռնաբարության համար…
-Չեմ լսել նման տեղեկություն, տեղյակ չեմ:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ գործին ընթացք տրվի:
-Չգիտեմ, իսկապես տեղյակ չեմ՝ դրանք ինչ տեղեկություններ են:
ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
-Իսկապե՞ս 80-ական թվականներին նման դեպք է եղել:
-Լկտի, ուղղորդված, այլանդակ հրապարակում է, նյութ չեմ կարող ասել, նման ինչ-ինչ բաները չեմ ցանկանում մեկնաբանել: Բոլորիս համար արդեն ակնհայտ է, որ ինչ-ինչ ուժերի մոտ հստակ ուղղորդված վարկաբեկելու ցանկություն, նույնիսկ երազանք կա: Բայց ճշմարտությունն ու իրականությունը ժողովրդին հասու են:
«Օրինաց երկիր» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Պարո՛ն Խաչատրյան, հայտնվել է մի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանը 80-ականներին ազատազրկվել է բռնաբարության համար:
-Մինչեւ չհրապարակվի այդ փաստաթուղթը, ՕԵԿ-ը չի կարող որեւէ գնահատական տալ այդ ամենին: Վերջ:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, հնարավո՞ր է՝ Վ. Օսկանյանի հարցաքննությունից հետո Ծառուկյանի «փոշոտ» գործին ընթացք տրվի, եւ այս անգամ Ծառուկյանը հրավիրվի հարցաքննության:
-Հաջորդ անգամ, երբ գլխավոր դատախազը գա Ազգային Ժողով, կիմանաք՝ ում համար է եկել: