«Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ այսօր ելույթ ունեցավ նաև հրեա պատմաբան Յաիր Աուրոնը: Նա նախ ընդգծեց, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այնինչ պետք է առաջինը ճանաչեր:
«Երբ մենք` հրեաներս, ժխտում ենք Հայոց ցեղասպանությունը, ուրանում ենք մեր իսկ զոհերի հիշատակը»,- նշեց պատմաբանը:
«Չտեսնված բան է, որ հայերը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս նշում են նաև այլ ցեղասպանությունների մասին: Ես շատ կցանկանայի, որ իմ երկիրն էլ ունենար նույն համարձակությունը, որը դուք ունեք: Եթե Ցեղասպանությունն անգամ ճանաչվի, ցավը չի թեթևանալու: Հարկավոր է գտնել ճանապարհ՝ շարունակելու վերապրելու պայքարը: Երբ նայում ես Ղարաբաղի հարցին, տեսնում ես, որ պայքարը չի ավարտվել»:
Աուրոնը նշեց, որ Թուրքիան, առանց Հայոց ցեղասպանության ճանաչման, չի կարող դառնալ ժողովրդավար երկիր: «Ինչպե՞ս է հնարավոր, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց ընդամենը քսանչորս երկիր է ճանաչել իրողությունը:
Ցեղասպանությունը չի ճանաչել ԱՄՆ-ն, չի ճանաչել նաև Գերմանիան, որը, իր անցյալից ելնելով, առաջիններից մեկը պետք է գնար այդ քայլին: Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ եթե զոհի կողմը չենք, ուրեմն` ոճրագործի կողմն ենք, երրորդ կողմ գոյություն չունի»,- եզրափակեց նա: