Երբ իրանցի զբոսաշրջիկները եկան Հայաստան, հյուրանոցներում արձանագրվեց 10 % գնաճ. ի՞նչ եղավ ապրիլի 24-ին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ երեւանյան հյուրանոցներում ազատ համարներ կան, այնուամենայնիվ, երեկ «Ժողովուրդ»-ը մի քանի հյուրանոցներում իրականացրած հարցախույզի արդյունքում հակառակ պատկերն արձանագրեց: Պարզվեց, որ Երեւանում գործող գրեթե բոլոր հյուրանոցներում ապրիլի 23-ին, 24-ին, 25-ին եւ 26-ին ազատ սենյակ չկա, բոլոր համարները պատվիրված են: Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցող հյուրերը երեւանյան հյուրանոցներում նախապես են պատվիրել իրենց սենյակներ:

Եթե հիմա զանգահարեք երեւանյան մի շարք հյուրանոցներ եւ փորձեք ապրիլի 23-ից մինչեւ 26-ը ընկած ժամանակահատվածի համար տեղ ամրագրել, ապա անհաջողության կմատնվեք: Երեւանի հյուրանոցներում այս մի քանի օրերը անցկացնելու համար այլեւս ուշ է, քանի որ գրեթե բոլոր հյուրանոցներում տեղերը զբաղված են: Այդ ժամանակահատվածի համար իրենք այլեւս տեղեր չունեն եւ որ բոլոր համարները ամրագրվել են: Այսպիսով, ապրիլի 21-ից մինչեւ ապրիլի 25-ը մայրաքաղաքի բոլոր հյուրանոցներում կամ ազատ տեղեր չկան, կամ հատուկենտ համարներ են մնացել:

Մասնավորապես «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որն ունի 259 ընդարձակ հյուրասենյակներ, բոլոր համարներն արդեն զբաղված են: «Էրեբունի» հյուրանոցում, որն ունի 42 համար, նույնպես ազատ սենյակ չկա: 247 համար ունեցող «Անի պլազա» հյուրանոցի բոլոր սենյակները եւս զբաղված են: Երեւանի 126 համար ունեցող «Բեսթ Վեսթըռն կոնգրես» հյուրանոցում նույնպես ազատ սենյակներ չեն մնացել: Իսկ «Հայաթ Փլեյս Երեւան» հյուրանոցը, որն ունի 95 սենյակ, ծայրեծայր «պատվիրված է» ապրիլի 21-ից մինչեւ 24-ն ընկած ժամանակահատվածի համար: Բոլոր հյուրանոցներից հայտարարում են, որ ցանկացողները կարող են ապրիլի 26-ից, 27-ից հետո սենյակ պատվիրել: Տեղեկացնենք, որ նույն պատկերն է նաեւ Ծաղկաձորի, Աղվերանի, Դիլիջանի գրեթե բոլոր հյուրանոցներում:

«Ժողովուրդ»-ը հյուրանոցներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս օրերի համար գնային փոփոխություն տեղի ունեցել է: Գրեթե բոլոր հյուրանոցներից էլ, սակայն, փոխանցեցին` 100-րդ տարելիցի միջոցառումներով պայմանավորված գնաճ չկա: Մինչդեռ նկատենք, որ գարնան առաջին շաբաթներին, երբ իրանցի զբոսաշրջիկները եկան Հայաստան, հյուրանոցներում արձանագրվեց 10 տոկոս գնաճ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս