ՄԻ ՄԵԽ ԷԼ ՉԻ ԽՓԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Բուժական համայնքի ԲՀԿ-ական նախկին գյուղապետ Մանվել Դավթյանը սեպտեմբերի 23-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններին իր թեկնածությունն էր դրել ՀՀԿ-ական թեկնածու, գործող գյուղապետ Կարեն Գալստյանի դեմ, որն էլ 21 ձայն տարբերությամբ վերընտրվել էր: Մանվել Դավթյանը համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` ընդդեմ թիվ 26 ընտրատարածքային հանձնաժողովի: Նախօրեին այս գործով կայացավ երկրորդ դատական նիստը, որի ժամանակ մատնանշվեցին ընտրությունների ժամանակ կատարված մի շարք խախտումներ: Բացի այդ, ներկայացվեցին տեսաձայնագրություններ:
Մանվել Դավթյանի դատապաշտպան Դավիթ Մանթաշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այդ խախտումներն այս պահի դրությամբ կարեւոր չեն քանակային առումով, դրանք ավելի կարեւոր են բովանդակային առումով: Խախտումներից են ցուցակների անճշտությունը, քվեաթերթիկների եւ դրանց դրոշմակնիքների պակաս լինելը: Ներկայացված երկու արձանագրություններն էլ հակասություններ ունեն: Իմ կարծիքով՝ դատարանը կարող է գտնվել նույն բարձրության վրա եւ հասկանալով այս խախտումների բնույթը՝ կարող է  հնարավորություն տալ համայնքին մեկ անգամ եւս ընտրություններ անցկացնել»:
Իսկ թիվ 26 ընտրատարածքի հանձնաժողովը` պատասխանող կողմը, չէր հերքում ներկայացված խախտումները, բայց մեկնաբանում էր, որ դրանք տեխնիկական կամ ընթացակարգային են: «Բոլորը միասին մի քվեախցիկում իրավունք չունեին քվեարկելու, բայց օգնության կարիք ունեին: Ներողություն, առաջին հերթին մատյանում դրա վերաբերյալ գրառումներ չկան, երկրորդ` եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն Բուժականում ապրում են միայն հաշմանդամներ: Դա արդեն լուրջ չէ»,-մեկնաբանեց Մանթաշյանը: Իսկ Դավթյանը կարծում է, որ ինքը հաղթած գյուղապետ է. «Ես, միեւնույն է, հաղթած գյուղապետ եմ: Բայց հաղթելու 70 տոկոսի հույս ունեմ, իսկ 30 տոկոսն Աստծուն եմ թողնում»:
Գործող գյուղապետ Կարեն Գալստյանն էլ հիասթափված նկատեց, որ երբեւէ դատարանում չի եղել. «Բայց ստիպված այս օրով անիմաստ եկել եմ այստեղ: Վստահ եմ, որ դատարանը Դավթյանի օգտին չի բավարարելու հայցադիմումը: Դատարանում ապացուցվեց, որ իրենց կողմից ներկայացրած փաստարկները շփոթմունք են եղել, եւ ոչ մի քվեարկողի իրավունք չի ոտնահարվել: Իսկ եթե անվավեր ճանաչվեն ընտրությունները, որին ես չեմ հավատում, եւ երկրորդ անգամ անցկացվեն, խնդիր չկա»:
Զրուցեցինք նաեւ Բուժական համայնքի բնակիչների հետ, որոնք վրդովված նկատեցին. «Տասը տարի գյուղապետ է եղել Դավթյանը, բայց գրասենյակի պատին մի մեխ էլ չի խփել, որ ներս մտնելուց գլխարկը կախի»:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 8-ին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս