ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԳՐԱՎԵԼ ԵՆ
Ազգային անվտանգության ծառայությունը որոշում է ընդունել «Սիվիլիթաս» հիմնադրամից առգրավել փաստաթղթերը: ԱԱԾ քննիչները հոկտեմբերի 10-ին գնացել են «Սիվիլիթաս»՝ առգրավելու Վարդան Օսկանյանին եւ հիմնադրամին առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը:

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Հայ ազգային կոնգրեսում երեկ տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, ուր քննարկվել  է  թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում դեկտեմբերի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ հավանաբար թիվ 35 ընտրատարածքում ՀԱԿ-ը կունենա թեկնածու: Առայժմ քննարկվել է Կոնգրեսի Գյումրու կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանին առաջադրելու  հարցը:

ԵՎ ԴՈ՞Ւ, ՔՈՔՈԲԵԼՅԱ՛Ն
Բնապահպան ակտիվիստները երեկ այցելել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի տարածք` ծանոթանալու «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի կառուցման ընթացքին: Նրանք տեղում համոզվել են, թե բնապահպանական ինչ խնդիրներ է առաջացրել դրա շինարարությունը: Գետահովիտի բնակիչները մտադիր են այսօր Երեւանում բնապահպանական ակցիա կազմակերպել եւ հանդիպել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ հէկ-ը պատկանում է ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր  Քոքոբելյանին, որից այդ հարցը ճշտելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան. նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ՀԱՆԵ՛Ք ՎԵՐՋԱՊԵՍ
Կրկին վնասվել է Շառլ Ազնավուրի հրապարակի նստարաններից մեկին տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանի ծունկը. այն ճաքել է: Հիշեցնենք,  անհայտ անձինք սեպտեմբերի 28-ի գիշերը կոտրել էին Ֆրունզիկ Մկրտչյանի արձանի տակառիկը:

ԹՈՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՎՃԱՐԻ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւս երկու վճիռ է կայացրել Բուզանդի փողոցի իրենց տներից 2005թ. վտարված երկու ընտանիքների վերաբերյալ` արձանագրելով, որ ՀՀ-ն խախտել է նրանց սեփականության իրավունքը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝  «Դանիելյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով պետբյուջեից Դանիելյանների ընտանիքին որպես փոխհատուցում պետք է վճարվի 95 հազար եվրո, իսկ «Թունյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Թունյանների ընտանիքի համար սահմանվել է 36 հազար եվրոյի փոխհատուցում: Երկու դեպքերում էլ ընտանիքների սեփականությունը բաժին է հասել «Գլենդել հիլզ» ընկերությանը: Այսպիսով` ՀՀ-ի վերաբերյալ ԵԴ-ի կայացրած վճիռների թիվը հասավ 47-ի: 2007-ից ի վեր, երբ ԵԴ-ն սկսեց քննել ՀՀ-ից ստացված գործերը, Հայաստանը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտման համար ընդհանուր առմամբ տուգանվել է մոտ 466 հազար եվրոյով: Այս գումարը վճարվում է պետական բյուջեից:

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին: Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին՝ Ջոն Հեֆֆերնն ընդգծել է, որ խիստ մտահոգված է կատարվածով եւ ամենայն ուշադրությամբ հետեւում է բոլոր զարգացումներին: Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտնել է, թե առանձնազրույցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարեւորել է ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումը: Հետաքրքիր է՝ այդ մասին Տոնոյանին դեսպանն անձա՞մբ է ասել, թե՞ առանձնազրույցից հետո Ծառուկյանն է այդ մասին պատմել իր խոսնակին: Ամեն դեպքում, կարեւորն այն է, որ դեսպանը կարեւորել է:




Լրահոս