ԱԿՐՈԲԱՏԻԿԱ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կավահող, խոր ջրափոսեր, ցեխ ու դժվարանցանելի փողոցներ. համանման պատկերը տիրում է Գյումրու գրեթե բոլոր թաղամասերում, այդ թվում՝ նաեւ կենտրոնական փողոցներում: Վերջին 2-3 օրերին տեղացող անձրեւներն ի ցույց են դրել փողոցներն իրենց ողջ հմայքով: Կենտրոնական ու թաղային նշանակության փողոցներն առանց այն էլ գտնվում էին ոչ բարվոք վիճակում, «Ջրմուղ»-ն էլ իր հերթին այս տարի նպաստեց անբարեկարգ փողոցների թվի ավելացմանն ու եղածների «ավիրմանը»: «Ջրմուղ»-ի կողմից խոստացված շուրջօրյա ջրամատակարարում ունենալու հեռանկարը գայթակղիչ է եւ ուրախացնող, բայց դրա արդյունքում փողոցներում ստեղծված իրավիճակը՝ զայրացնող ու մտահոգիչ: Չնայած նրան, որ պատասխանատուները խոստանում էին ջրագծեր անցկացնելուն զուգահեռ փողոցները բերել նախկին վիճակին՝ ասֆալտապատը ասֆալտապատել, խճապատը՝ խճապատել, բայց կատարված աշխատանքները նկատելի չեն:
Այս ամենի արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ կենտրոնական ու երկրորդական փողոցներում գոյացած փոսերը շրջանցելու համար վարորդներից մեծ ջանք ու հմտություններ են պահանջվում, իսկ անցորդներին էլ մնում է անսխալ կատարել թռիչքներն ու ակրոբատիկ հնարքները եւ մի կերպ հաղթահարել փողոցն անցնելու դժվարին փորձությունը:
Թե նման իրավիճակը Գյումրիում դեռ որքան է շարունակվելու, անհայտ է: Գյումրեցիների համար թաղային նշանակության գոնե մեկ բարեկարգ ու ասֆալտապատ փողոց ունենալն այս պահին մնում է ոչ իրատեսական: Իսկ կենտրոնական փողոցների այն հատվածները, որոնք կտրվել ու փորվել են «Ջրմուղ-կոյուղու» կողմից, հուսանք, որ մինչ տարեվերջ կբարեկարգվեն: «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Արշալույս Ավդալյանը, համենայնդեպս, խոստացել է, որ դրանք պարտադիր այս տարվա մեջ կբարեկարգվեն: Մինչ այդ գյումրեցիներին կմնա ապավինել եղանակի բարեհաճությանն ու սպասել խոստումների իրագործմանը:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս