Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 10-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը անդրադարձավ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի եւ նրա ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի կողմից ներկայացված միջնորդությանը, որով առաջարկվում էր Ա. Նազարյանի հագուստը, գլխարկը եւ գուլպաները ենթարկել դատակենսաբանական եւ դատաքիմիական փորձաքննության: Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ մեկ տարի տեւած դատավարության ընթացքում այդպես էլ պատասխան չտրվեց այն հարցերին, թե Ա. Նազարյանի հագուստի վրա արդյունք կան արնանման հետքեր, եթե այո, ապա դա ում արյունն է: Իրավապաշտպանն ասաց, որ դատարանում որպես վկա ցուցմունք տված քննիչ Լեւոն Պետրոսյանն այդպես էլ չկարողացավ տալ նշված հարցերի պատասխանները:
Ռ. Մարտիրոսյանը եւ Ծ. Նազարյանն ասացին, որ սկզբում տուժող կողմին ներկայացվել է Ա. Նազարյանի գլխարկը` առանց արյան հետքերի: Իսկ դատարանում որպես ապացույց հետազոտված Նազարյանի գլխարկը թաթախված է եղել արնանման նյութի մեջ: Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ Նազարյանին մահից 6 ժամ առաջ ծեծել, խոշտանգել են, որ նա դիմադրել է, եւ Նազարյանի հագուստի վրա հավանաբար խոշտանգողներից հետքեր են մնացել: Իրավապաշտպանն անարժանահավատ համարեց դատաբժշկի այն եզրակացությունը, թե Նազարյանի դիակի վրայից մաշկից զուրկ հատվածների պատճառը կարող էր լինել այն, որ մարմինը 4-5 ժամ գտնվել է արեւի տակ: Նաեւ նշեց, որ ինքը 16 տարվա ընթացքում ներկա է եղել շուրջ 450 զոհվածների դիակների հետազոտմանը եւ կարծում է, որ Նազարյանի մարմնի որոշ հատվածներում մաշկի բացակայության պատճառը հավանաբար խոշտանգողների կողմից Նազարյանի վրա թափած տաք հեղուկն է եղել, որի հետքերը կարող են լինել Նազարյանի հագուստի վրա:
Տուժողի իրավահաջորդի եւ նրա ներկայացուցչի միջնորդությանը միացան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը եւ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը, միջնորդությանը դեմ արտահայտվեցին մեղադրողներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը: Դատավոր Սամվել Մարդանյանն այդ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալով` հայտարարեց, որ մերժում է ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ դատարանը խորհրդակցական սենյակում դատական վերջնական ակտ կայացնելիս հաշվի կառնի միջնորդության մեջ ներկայացված փաստերը: Սա չբավարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանին, որը դատավորին ինքնաբացարկ հայտնեց: Դատավորը չքննարկեց այդ բացարկը` ասելով, որ Ռ. Մարտիրոսյանի կողմից նախկինում իրեն նման բազմաթիվ ինքնաբացարկներ են հայտնվել: Իրավապաշտպանն ասաց, որ դա նոր ինքնաբացարկ է, սակայն դատավորը դա չընդունեց: Իրավապաշտպանը հայտարարեց, որ դատը աբսուրդի թատրոն է:
Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին:
Տավուշ