ԱԶԱՏ ՕՐԻՆԱԽԱԽՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ բնապահպան, ակտիվիստ Արթուր Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ Պաղջուր գետի վրա, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչիկ Քոքոբելյանի նախաձեռնությամբ հէկ է կառուցվում: Գրիգորյանի խոսքով՝ այդ հանգամանքն առաջացրել է գետահովիտցիների զայրույթը, եւ գյուղացիները մինչեւ վերջ պայքարելու են՝ կանխելու համար շրջակա միջավայրին վտանգ սպառնացող «աղետի» շինարարական աշխատանքները: Առավել եւս, որ հէկ-ը կառուցվում է առանց հանրային լսումներ կազմակերպելու եւ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության  բնապահպանական փորձաքննության եզրակացության փաստաթուղթ ձեռք բերելու: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն անուղղակի կերպով հաստատեց այդ լուրերը՝ ասելով, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ հէկ կառուցելու մասին: «Ի՜նչ հանրային լսումներ, ի՜նչ բնապահպանական փորձաքննություն, ես ոչ մի բանից տեղյակ չեմ»,-ասաց նա: Նշենք, որ գետահովիտցիները երեկ մայրաքաղաքում ակցիա կազմակերպեցին: Նրանց ընդունեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ խոստանալով դադարեցնել աշխատանքները:




Լրահոս