«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջեւ «չհասկացվածության պատը» նախօրեին կայացած Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչիկ Քոքոբելյան հանդիպումից հետո հայտարարվեց վերացված: Սակայն այդ պատը վերացել է արտաքուստ եւ ժամանակավորապես:
Ուշագրավն այն է, որ այս հանդիպման մասին խոսում է միայն ԱԴԿ-ն: Քոքոբելյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում վայր դնել մանդատը: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին, թե ինքը Քոքոբելյանի հետ պայմանավորվել էր՝ երկուսով պատգամավորական մանդատները վայր են դնելու՝ երիտասարդներին գործունեության հնարավորություն տալու համար, ԱԴԿ ղեկավարը որակել է «Ժառանգության» ղեկավարի կողմից թյուրըմբռնման հետեւանք: «Իմ պատկերացմամբ եղել է թյուրըմբռնում այդ հայտարարությունը: Միգուցե նաեւ իմ գործընկերոջ կողմից ակնկալիք է եղել, որ ես էլ կարող եմ գնալ նման քայլի,-ասել է նա ու հավելել,-Երեկվա քննարկման արդյունքում ես եկա այն եզրակացության նաեւ, որ այդ մոտեցումները… ինքը նշում է, որ մենք ունեցել ենք պայմանավորվածություններ, ես ասում եմ, որ մենք ունեցել ենք պայմանավորվածություններ առաջիկա ընտրությունների եւ ապագայի վերաբերյալ, եւ կարճաժամկետ քաղաքականություն չենք վարում»: Քոքոբելյանը նաեւ հայտարարել է, որ նախագահի ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելու դեպքում ԱԴԿ-ն սատարելու է նրան: Իսկ մինչ այդ կազմակերպեցին տեղեկատվական արտահոսք, թե ԱԴԿ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով:
Փաստորեն, Քոքոբելյանը Րաֆֆի Հովհաննիսյանին անուղղակի կերպով մեղադրել է իրեն «վատ հասկանալու», այս ողջ ընթացքում արհեստական աժիոտաժ ստեղծելու մեջ: Այլ կերպ ասած, առանց վիրավորական խոսքերի, նրբորեն վիրավորել է «Ժառանգության» ղեկավարին: Իրեն հարգող ցանկացած կուսակցություն պետք է արձագանքեր այս հայտարարություններին: Այնինչ «Ժառանգություն»-ը փորձում է չլսելու տալ այս խոսքերը: ԺԿ ներկայացուցիչները երեկ կտրականապես հրաժարվում էին մեկնաբանել իրենց առաջնորդի վերաբերյալ Քոքոբելյանի հայտարարությունները: Ավելին, սովորության համաձայն՝ որոշել են Հովհաննիսյան-Քոքոբելյան հանդիպման վերաբերյալ որոշում կայացնելու մասին որոշում կայացնել 10 օրից: Ըստ «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի՝ իրենք հոկտեմբերի 21-ին կուսակցության վարչության եւ խորհրդարանական խմբակցության ընդլայնված նիստ են անցկացնելու եւ այդ ժամանակ էլ կանդրադառնան հանդիպման արդյունքներին: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը եւս չմեկնաբանեց կատարվածը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները որոշակի մանրամասներ փոխանցեցին Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչիկ Քոքոբելյան հանդիպումից: Ըստ այդմ, «Ժառանգության» ղեկավարը Քոքոբելյանին հիշեցրել է ԱԺ ընտրություններից առաջ տված ու չիրականացրած խոստումները՝ ընտրարշավի ֆինանսական ծախսերի վերաբերյալ: Հետո խոսք է եղել պատգամավորական մանդատները վայր դնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Քոքոբելյանը իր հերթական խոստումներն է տվել նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքականապես ու ֆինանսապես աջակցելու մասին, նաեւ խոստացել է շատ հարցերի վերաբերյալ ամերիկացիների հետ իր հերթին պայմանավորվածություններ ձեռք բերել եւ այլն, եւ այլն: Արդյունքում՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ աղմուկը լռեցնելու մասին. մինչ այդ Քոքոբելյանը վայր չի դնի մանդատը՝ փոխարենը խոստանալով նախագահական ընտրություններում սատարել Հովհաննիսյանին:
Այս ողջ պատմության մեջ ուշագրավ է մեկ հանգամանք. «Ժառանգություն»-ԱԴԿ համագործակցությունը ըստ էության, համարվում է ամերիկյան նախագիծ: Ընդ որում, դրա վրա ամերիկացիները բավական մեծ ջանք են գործադրել: Միայն թե այդ նախագիծն իրեն այդպես էլ չի արդարացնում. մի կողմից ԱԴԿ-ն, ստեղծման օրվանից մի տարի չանցած, պառակտվեց, երբ այդ կուսակցությունը լքեցին վարչության անդամներից մի քանիսը Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ: Մյուս կողմից, դեռ չսկսված, փլուզվում է «Ժառանգություն»-ԱԴԿ համագործակցությունը, չհաշված այդ «համագործակցության» հետեւանքով «Ժառանգության» ներսում խմորումները: Սովորաբար արհեստական միավորները, դաշինքները որոշ ժամանակ անց դե ֆակտո փլուզվում են: Սակայն այս մեկը գերազանցեց նախորդներին՝ չդիմանալով գոնե մեկ նստաշրջան:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ՝ ՔԱՅՔԱՅՄԱՆ ԵԶՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ