«Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 5 մսուր-մանկապարտեզի մի խումբ ծնողներից այն մասին, որ մանկապարտեզի նորընտիր ծնողկոմիտեի պահանջով յուրաքանչյուր ծնող պարտավոր է 10 000-ական դրամի ներդրում կատարել մանկապարտեզի վերանորգման եւ ջեռուցման համակարգի անցկացման համար:
«Մի տասն օր էլ չկա՝ Գագոն ծնողկոմիտե է ընտրվել, իրա կողմից մանկապարտեզին էժան լավություն է անում: Ժողով է արել ու ծնողներիս ասել, որ մինչ ցրտերն ընկնելը պետք ա մեր ուժերով բաքսի քաշենք: Իսկ դա, գիտեք, մեծ գումարների հաշիվ ա: Խոսքը 2 միլիոնի մասին ա: Այսինքն՝ ասեց մի մասը մենք ենք հավաքելու՝ յուրաքանչյուրս 10 000-ական դրամ, մի փոքր գումար էլ մանկապարտեզի տնօրենը պիտի տա, քաղաքապետարանն էլ դեռ ձեն-ծպտուն չի հանում: Իյա՜, չհասկացանք, քանի կար, ընտրություններին քաղաքապետը գլուխ էր գովում, թե բա գիտեք՝ էսքան մանկապարտեզ եմ պահում, էսքան դպրոց… Հո միայն պարծենալո՞վ չէ: Ընտրվել ա, թող նամուսով աշխատի, թե չէ ընկել ա ծնողների ոտը, թե մանկապարտեզս ջեռուցե՛ք: Դուռ-լուսամուտն էլ կիսատ-պռատ սարքել են, ձմռանը ցելոֆանապատում են, անունն էլ դնում՝ բա տեսե՛ք, լավ էլ ղեկավար ենք, լավ էլ աշխատում ենք: Հերիք ա գռփեն, տարին ինչ սկսվել ա՝ փող ենք հավաքում»,-իրար ընդմիջելով՝ դժգոհում էին ծնողները՝ հուսալով, որ իրենց բողոքները կլսեն «վերեւներում», ու վերջ կդրվի այս անօրինականություններին:
«Այսպես անհանգստանալու կարիք չեմ տեսնում, ոչ մեկը ոչ մեկին չի պարտադրել փող տալ: Դա ընդամենը խոսակցությունների մակարդակում է»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում արդարացավ Վանատուր թաղամասի թիվ 5 մանկապարտեզի ծնողկոմիտեի նախագահ Գագիկ Իսրայելյանը:
Իսկ մանկապարտեզի տնօրեն Գայանե Մնացականյանն էլ չհերքեց, որ նման խնդիր է առաջադրվել մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին, բայց մեղմելով ստեղծված իրավիճակը` ասաց. «Դա ընդամենը նախագիծ է, որ ներկայացվել է ծնողների կողմից՝ ընթացիկ ժողովում: Այս մասին ես դեռեւս քաղաքապետին չեմ էլ զեկուցել: Ոչ մեկը ոչ մեկին չի պարտադրել, քննարկվել է, ու ծնողներից ոչ մեկն առանձին կամ նույնիսկ ժողովի ժամանակ չի առարկել: Իհարկե, այս լավ նախաձեռնության համար ես էլ իմ անձնական ներդրումն եմ կատարելու` 500 դոլար գումարի չափով, եթե, իհարկե, քաղաքապետարանն էլ այն ողջունի»: Տիկին Մնացականյանը հավելեց, որ իրենց մանկապարտեզը «հրաշալի վիճակում է, ու դուռ, լուսամուտ փոխելու կարիք չկա»:
«Դե հո իր ասելո՞վ չէ, դպրոցի հին պատուհանները բերեցին տեղադրեցին, անուն արեցին, թե հարց են լուծում: Եթե այդքան գովական մանկապարտեզ է, իրենք էլ էդպես գովելի վարիչ, բա ինչի՞ առանց ծնողների օգնության մի հարց չեն կարողանում լուծել: Հո գլուխ գովելո՞վ չէ, պատի մեջ ծառ է աճում, անգամ դրա հարցը չեն կարում լուծել, բերում են կտրում, նորից աճում է, թող դա լուծեն,-վրդովվում են ծնողներն ու հավելում, որ իրենց չի հուզում հարցի ֆինանսական կողմը,-այստեղ խնդիրը բարոյական է, մենք չենք զլանում մեր երեխաների բարօրության համար գումար ներդնել, բայց քաղաքապետի գործառույթը մեզ վրա վերցնել չենք պատրաստվում»:
«Ժողովուրդ»-ը նշված խնդրի շուրջ զրուցեց նաեւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ: Վերջինս ասաց, որ մեր հեռախոսազանգից րոպեներ առաջ իրեն է այցելել մանկապարտեզի վարիչը որոշ ծնողների հետ, ներկայացրել ջեռուցման անհրաժեշտության հարցը եւ ստեղծված իրավիճակը: Պատվիրակությունը քաղաքապետին տեղեկացրել է, որ ծնողների կողմից է առաջարկվել ներդրումներ կատարել ջեռուցման հիմնախնդիրը լուծելու համար: Վերջիններս այս փաստը հիմնավորել են ծնողական ժողովի արձանագրության առկայությամբ:
«Ես հանձնարարել եմ մանկապարտեզի վարիչին ներկայացնել նախագծա- նախահաշվարկային պլան: Ես արդեն իրենց խոստացել եմ, որ իմ վրա եմ վերցնում ֆինանսավորման հարցը: Հրահանգվել է ծնողներին չանհանգստացնել, անգամ մանկապարտեզի վարիչին խնդրել եմ անձնական ներդրումներ չանել: Կրկնում եմ՝ քաղաքապետարանը ստանձնել է այդ հարցի լուծումը, որը պարտավորվել է իրականացնել մինչեւ ձմռան գալը»,-խոստացավ Արամ Դանիելյանը:
Ինչեւէ, որքան էլ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահեցնում է, թե Հայաստանի կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազել են, ամեն դեպքում, ինչպես տեսնում ենք, ակնհայտ են «հայկական» մոտեցումները:
ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾՆՈՂՆԵՐԻՑ ՓՈՂ ԵՆ ՈՒԶԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ