Արդեն մեկ ժամից ավել է` Արցախում սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Armlur.am-ի թղթակիցն Արցախից հայտնում է, որ ժամը 8-ին բացվել են 278 ընտրատեղամասերի դռները։
Արցախում խորհրդարանական ընտրություններին մասնակցում են յոթ կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիքը», «Ազգային վերածնունդ», Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը», ԼՂ կոմկուսը, «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ «Շարժում-88»-ը ։
Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 50 անձինք, որոնցից 27-ը՝ ինքնառաջադրմամբ։ Ապրիլի 23-ի տվյալներով այսօր ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 101653 ընտրող: 2010 թվականի ընտրությունների ժամանակ մասնակցել էր 98518 ընտրող, այսինքն մասնակիցների թիվն աճել է:
Արցախում անցկացվող խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ավելի քան 100 միջազգային դիտորդ, ավելի քան 110 տեղական դիտորդ, ինչպես նաև 4 տասնյակից ավելի ԶԼՄ-ների մոտ 100 ներկայացուցիչներ: Armlur.am-ն ընտրությունների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ կհաղորդի ողջ օրվա ընթացքում: Իսկ այս պահի դրությամբ Արցախում դեռևս ոչ մի միջադեպ չի գրանցվել, ամեն ինչ անցնում է խաղաղ: