ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ
Հոկտեմբերի 17-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ մերժել է «Հարսնաքար-»ի գործով 6 մեղադրյալի պաշտպանների միջնորդությունը` ԶԼՄ-ներին արգելել ձայնագրել կամ տեսալուսանկարահանել ցանկացած բան, ինչը կապված է իրենց պաշտպանյալների հետ: Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ն ԷԼ
«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ ԱԺ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հոկտեմբերի 16-ին Բուխարեստում մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովին:

ՉԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
«Վեդի ալկո» ընկերությունը 2012թ. մոտ 50%-ով նվազեցրել է գինու արտահանումը ՌԴ: Ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանի ներկայացմամբ` պատճառը  ՌԴ-ի քաղաքականությունն է՝ ուժեղացնել հսկողությունը ալկոհոլային խմիչքների շուկայի նկատմամբ, եւ գործընկերների կողմից լիցենզիաները չերկարաձգելը: Այնուամենայնիվ, ընկերությունը չի նվազեցրել խաղողի մթերումները, թեեւ վերջին 2 տարում արտադրության աճ չունի:

ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՉ ԻՐԱՎԻՃԱԿԸ
«168 ժամի»-ին տված հարցազրույցում ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը, արձագանքելով դիտարկմանը, թե ՌԴ աջակցությունից դուրս է դիտարկում իրեն, պատասխանել է. «Ոչ թե Ռուսաստանի աջակցությունից, այլ խմբավորումների պայքարից, քանի որ խմբավորումների պայքարի մեջ Հայաստանի շահը չի երեւում, իսկ ռուսական պետականության կրող որոշակի խմբավորումների շահը երեւում է: Եւ ես հարց եմ տալիս` ինչո՞ւ է Հայաստանն այս վիճակի մեջ եւ չի ուժեղացվել: Ստացվում է` խմբավորումները մարդկանց են փոխում, այլ ոչ թե իրավիճակը: Ես այն կրթությունն եմ ստացել, այն հնարավորությունն եմ ստացել, եւ երբեւէ չեմ ցանկացել որեւէ ձեւով խաղալիք դառնալ, գործիք լինել, ինչ-որ շահեր առաջ մղել: Նորից եմ կրկնում` ես չեմ խոսում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ՌԴ-ի, ո՛չ եվրոպական պետական շահերի մասին»:

ԼԻՍԿԱՆ ԼԱՎ ՉԷ
Ըստ «Հենարան»-ի՝ հոկտեմբերի 15-ի գիշերը Մոսկվայից ՀՀ է վերադարձել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա հերթական բուժզննությունն է անցել Մոսկվայում: Խաչատրյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի, եւ անցած տարի ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային վիրահատած հայազգի սրտաբան Բագրատ Ալեքյանը մարզպետին վիրահատել էր՝ ստենդավորելով նրա սիրտը: Կայքի փոխանցմամբ` Խաչատրյանի մոտ աշնանը եւ գարնանը սրացումներ են նկատվում, ու դա է պատճառը, որ մեկնել էր ստուգման: «Բժիշկները նրա առողջական վիճակը բավարար են գնահատել, անհանգստացնող ոչինչ չկար»,-գրում է կայքը:

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ
ՀՀ 2013թ. բյուջեի նախագիծը խթանում է սպառումը, ոչ թե տնտեսությունը: Նման կարծիք է հայտնել ՀՀ սպառողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա` գալիք տարվա բյուջեում արդյունաբերության շահերն անհրաժեշտ չափով հաշվի չեն առնվել: Դա հաստատվում է սպառողի վճարած ուղղակի եւ անուղղակի հարկերի (հիմնականում` ԱԱՀ)   հարաբերակցությամբ: Այն 65%-25% է եւ վկայում է, որ բյուջեն ներդրումային բնույթի չէ:

ԿՈՐՈՇԵՆ ԱՅՍՕՐ
Երեկ տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի հերթական նիստում քննարկվել են ընթացիկ ներքաղաքական խնդիրները: Ինչպես տեղեկացանք ՀԱԿ-ից, դեռեւս վերջնական որոշում չի կայացվել՝ արդյոք Կոնգրեսն իր թեկնածուները կառաջադրի Երեւանի թիվ 1 եւ Գյումրու թիվ 35 ընտրատարածքներում: Նշենք, որ առաջադրումների վերջնաժամկետը լրանում է այսօր՝ ժամը 18:00-ին: Չի բացառվում, որ երկու ընտրատարածքներում էլ ՀԱԿ-ը թեկնածուներ չունենա: Սակայն ՀԱԿ-ից տեղեկացանք, որ իրենք վերջնական որոշումը կկայացնեն այսօրվա ընթացքում:

ՍՐԱՆԻՑ ԷԼ ԼԱ՞Վ
Բուխարեստում գտնվող Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին մասնակցող Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որտեղ հավաստիացրել է, որ հաջորդ նախագահական ընտրություններն ավելի լավն են լինելու. «Գարնանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնն անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի  իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում եւ առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ: Ավելորդ եմ համարում նշել, որ այս անգամ եւս ակնկալում ենք միջազգային դիտորդների ակտիվ մասնակցություն»:




Լրահոս