Վերջերս, երբ Քարդաշյան քույրերն ու Քանյե Ուեսթն այցելել էին Գյումրի, ոչ ոքի աչքից չէր վրիպել Քարդաշյանների պապենական տան և փողոցների անմխիթար վիճակը:
Armlur.am-ի թղթակիցը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչու Քարդաշյանների այցի ժամանակ տոհմական տունը գոնե նվազագույն բարեկարգ վիճակի չէր բերվել ու նույնիսկ տան դարպասը ներկված չէր:
Այս հարցին ի պատասխան քաղաքապետ Բալասանյանը նշեց. «Այն, որ Քարդաշյանը Գյումրի է գալու, իմացել ենք, իսկ այցի մանրամասներին տեղյակ չենք եղել: Ենթադրվում էր, որ նա կայցելի Մատնիշյան փողոցում գտնվող բարեկամների տուն, սակայն ինչպես հայտնի է, ծրագիրն այլ կերպ ընթացավ և վերջինս այցելեց Մյասնիկյան 143 հասցեի տուն: Ինչ վերաբերում է փողոցների բարեկարգմանը, նման դեպքերում, երբ բացի Գյումրու քաղաքապետարանի՝ փողոցների ասֆալտապատման և բարեկարգման հաստատված տարեկան ծրագրից, լինում են նաև չնախատեսված դեպքեր, հնարավորության սահմաններում բարեկարգվում է: Տվյալ դեպքում անհայտ էր Քիմ Քարդաշյանի այցելության ծրագիրը, իսկ քաղաքի միջոցները թույլ չեն տալիս բարեկարգել բոլոր փողոցները»:
Արման Գրիգորյան
Գյումրի