Նախկինում տամպլիերների զենքը սուրն էր, որին այսօր փոխարինել է խոսքն ու թաստերը, և տամպլիերները պետք է ներդնեն ողջ իրենց ներուժը՝ Հայոց ցեղասպանություն մասին իրազեկման և այն ժխտող պետությունների կողմից ընդունման գործում:
Նման համոզմունք մայիսի 16-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ռումինիայում տաճարական միաբանության գերագույն առաջնորդ Շտեֆան Սորին Պրելիպչիանոն, ով տասից ավելի երկրների Ասպետների (Տամպլիերների) միաբանության գերագույն մարմինների ներկայացուցիչների հետ, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ այցելության շրջանակներում, ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:
«Մարդիկ, ովքեր չեն ընդունում պատմական փաստերը՝ չեն կարող ունենալ սեփական պատմություն: Մենք պետք է ներդնենք մեր ուժերը, որպեսզի Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրները պաշտոնապես ընդունեն պատմական փաստի եղելությունը», հայտնեց Շտեֆան Սորին Պրելիպչիանոն: Ներկայում տամպլիերների միաբանությունը ներկայացված է 45 քրիստոնեական երկրներում, կառույցին անդամակցում է մոտ 20 հազար ասպետ, սակայն, Հայաստանի Երուսաղեմի տաճարական Ասպետների (Տամպլիերների) միաբանության գերագույն առաջնորդ Բագրատ Լալայանի խոսքով,
Երևանում կայացած հավաքին ներկա էին 13 երկրների պատվիրակներ: «Միաբանությունը գոյություն ունի մոտ հազար տարի՝ սկսած առաջին Խաչակրաց արշավանքներից, և մեր նպատակն է պահպանել քրիստոնեական արժեքները, քրիստոնյաներին, իրենց շահերը և մեր հավատքը: Մեր կազմակերպությունն ունի էկումենիկ բնույթ, այն չի պատկանում որևէ քրիստոնեական եկեղեցու: Մեր շարքերում կան Հայ Առաքելական եկեղեցու, Կաթոլիկ եկեղեցու ասպետներ, ովքեր ապրում են Եվրոպայում և Ռուսաստանում: Մենք ցանկանում ենք, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի, որ այսօր քրիստոնյաները միասին են և խաչակիրներ կան»,- նշեց Բագրատ Լալայանը:
ԱՄՆ և Կարիբյան կղզիների տամպրիելների միաբանության ներկայացուցիչները Հայաստանյան ներկայացուցչությանը փոխանցեցին միջոցառմանը բացակա քսանից ավելի երիկրների միաբանությունների կողմից Հայոց ցեղասպանության ըդնունման և դատապարտման բանաձևերը: Բանաձևի ստորագրումից առաջ Տամպլիերների միաբանության անդամները, զգեստավորված տամպլիերների ծիսական սպիտակ թիկնոցներով, այց կատարեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությանը, իսկ բանաձևի ստորագրման արարողությունից հետո Հիշատակի պուրակում տնկեցին եղևնի: