ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՆՑ ԱՆՎԱՍԱՅԼԱԿԻ
Ոտքերի հաշմանդամություն ունեցող 49-ամյա Ռիկի Գիլմորը մոլորվել եւ 3 օր անց է կացրել Նյու Մեխիկոյի անապատում առանց իր անվասայլակի: Նա ստիպված է եղել 34,5 աստիճան շոգի պայմաններում «սողալով» 6,5 կմ ճանապարհ անցնել, մինչ նրան մեքենայով մարդ է հանդիպել եւ օգնել: Հաշմանդամը մարմնական վնասվածքներ է ստացել, վատ վիճակում է նաեւ օրգանիզմը՝ սննդի ու ջրի պակասից:  Երբ Ռիկին  հրաժարվել է իր ալկոհոլային խմիչքը տալ իրեն օգնողներին, մեքենայով զույգը նրան իջեցրել է ճանապարհի կեսին եւ թողել անապատում:

ՀԱՐԲԱԾ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ
«Լեհ ոստիկանները ձերբակալել են մի եպիսկոպոսի, որը հարբած վիճակում մեքենա է վարել»,-գրում է vesti.ru-ն: Հոգեւորականը, որը նախկինում ակտիվորեն քարոզել է հրաժարվել ոգելից խմիչքից, ներողություն է խնդրել կատարվածի համար եւ պատժամիջոց սահմանել իր համար: Նա առաջարկել է իրեն դատապարտել 8 ամսվա ազատազրկման, ինչպես նաեւ օրական 20 ժամ հասարակական աշխատանք կատարել: Նաեւ առաջարկել է, որ իրեն վարորդական իրավունքից զրկեն 4 տարով: Դատախազը տվել է իր համաձայնությունը: Պատիժը  կսահմանվի առանց դատական նիստի:

ԴԱԺԱՆ ԱՄՈՒՍԻՆ
Թուրքիայի Մարաշ նահանգի Էլբիստանի շրջանում կինը, չդիմանալով ամուսնու բռնություններին, հեռացել էր տանից, սակայն երեխաների խնդրանքով կրկին վերադարձել: Տուն վերադառնալուց օրեր անց ամուսինը մի երեկո մտել է խոհանոց եւ մի քանի բառ փոխանակելուց հետո սկսել կնոջ գլուխը պատերին խփել, որից հետո դանակով կտրել կնոջ քիթը, շուրթերը եւ մարմնի այլ մասեր, հետո կոտրել ձեռքերը: Մոր ձայները լսելուց հետո խոհանոց մտած երեխաները հոր ձեռքից վերցրել են դանակը եւ արյան մեջ կորած մորը փրկելու համար ոստիկանություն զանգահարել: Կնոջը ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Ամուսնուն ձերբակալել են, վերջինս հայտնել է, որ զղջում է կատարվածի համար:

ՀԱՅ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ
«Մոսկվայում՝ Տրոյեկուրովի գերեզմանատանը, հոկտեմբերի 24-ին կայացել է լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանի հուշարձանի բացումը»,-գրում է ИТАР-ТАСС-ը: Հուշարձանի հեղինակը ՌԴ ժողովրդական նկարիչ Ա. Կովալչուկն է: Գ. Վարդանյանը մահացել է 88 տարեկան հասակում այս տարվա հունվարին: Նա հետախուզական գործունեությունը սկսել է Թեհրանում 16 տարեկանում: Ամիր ծածկանունով ներթափանցել է բրիտանական հետախուզություն, մասնակցել 1943-ի Թեհրանի կոնֆերանսին Մեծ եռյակի առաջնորդների անվտանգության ապահովմանը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս