90 տուն սողանքի վտանգի տակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջևան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղում սողանքային գոտի կա, որը պարբերաբար ակտիվանում է: Գետահովտի գյուղապետ Արթուր Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք շուրջ մեկ ամիս տեւած անձրեւներից հետո սողանքային գոտին վերստին չի ակտիվացել: Գյուղապետը հայտնեց, որ իրենք կարողացել են գտնել սողանքային գոտու ստորգետնյա ջրի հոսքի տեղը եւ կատարել ջրահեռացում: Այդ գործում աջակցել է ճապոնական «Ջայկա» կազմակերպությունը, որը 27 մետր խորությամբ հորատանցք է բացել եւ ջրահեռացումից հետո այդտեղ ջրի մակարդակի բարձրացումը արձանագրող ավտոմատ սարքեր տեղադրել:

Ա. Ղազարյանը հայտնեց, որ գյուղում կա սողանքի հետեւանքով վթարայնության տարբեր աստիճան ունեցող 90 տուն: 1997-1998թթ. դրանցից 7-ի տերերին պետբյուջեից դրամական աջակցություն է ցուցաբերվել, վերջիններս նոր տեղում տուն են կառուցել կամ գնել: Իսկ 3 տարի առաջ սողանքից տուժած մի ընտանիքի էլ պետբյուջեից 5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն է տրվել: Նշենք, որ Տավուշի մարզում շատ են սողանքները, դրանք ակտիվ են հատկապես Դիլիջանում, Գոշում, Հովքում եւ այլ բնակավայրերում:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս