Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով երեկ մեղադրանք է առաջադրվել «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի» սրտաբանին:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մալաթիայի քննչական բաժնում դեռևս 2014 թվականի ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու կողմից թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութեր ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով. նրա մոտ հայտնաբերվել էր «Դիազեպամ» գրառմամբ դեղահաբերի 2 տուփ։ Նախաքննությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նշված հոգեմետ դեղամիջոցը ձեռք է բերել դեղատնից՝ «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի» բժշկուհու կողմից այլ անձի անվամբ դուրս գրված դեղատոմսով:
Armlur.am-ի հետ զրույցում «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի» տնօրեն Անուշ Բունիաթյանը հայտնեց, որ իրենց կալանավորված աշխատակիցը դիսպանսերում համատեղության կարգով էր աշխատում. «Նա մի քանի այլ տեղերում ևս աշխատում էր, սրտաբան էր: Այդ դեղորայքը, որը ձեռք բերելու մեջ մեղադրվում է, նշանակում են սրտաբաններն ու հոգեբույժները: Դրանք մեզ մոտ չեն լինում»,- հայտնեց դիսպանսերի տնօրենը` հավելելով, որ իրենց հաստատությունը որևէ վնաս չի կրել, իսկ հայտնաբերված դեղորայքը, մասնավորապես, օգտագործվում է որպես քնաբեր: Որոշ դեպքերում, Անուշ Բունիաթյանի փոխանցմամբ, բժիշկները կարող են այն դուրս գրել հոգեմետ դեղերի անվան տակ, որպեսզի հիվանդը կարողանա քնել:
Նշենք, որ լուրեր են շրջանառվում այն մասին, որ կալանավորված սրտաբանը Նունե Ամատունին է: Այս տեղեկությունը հստակ ճշտել չհաջողվեց, քանի որ վարույթն իրականացնող մարմինը անձնական տվյալները «հույժ գաղտնի է պահում»:
Armlur.am-ը Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացավ նաև, որ քրեական գործի նյութերով Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում 2015 թվականի հունվարին հարուցվել է նոր քրեական գործ՝ բժշկուհու կողմից շահադիտական կամ այլ անձնական դրդումներով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալու դեպքի առթիվ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ բժշկուհին, աշխատելով «Քաղաքային էնդոկրին դիսպանսերում»՝ որպես սրտաբան, և ունենալով լիազորություն՝ հոգեմետ/հոգեներգործուն/ դեղահաբեր դուրս գրելու, մեկ այլ բնակչուհու անվամբ դուրս է գրել հոգեմետ/հոգեներգործուն/ դեղամիջոցի թվով 48 հատ դեղահաբերի դեղատոմս, սակայն նրան նշված հաբերից տվել է ընդամենը մի քանի հատ։ Քննությամբ պարզվել է, որ բժշկուհին դեղահաբերից մի քանի հատն ապօրինի իրացրել է մեկ այլ քաղաքացու, ում ինքնությունը քննությամբ պարզվել է, իսկ մնացածը՝ պահել իր մոտ: Օրենքով սահմանված կարգով մայիսի 15-ին խուզարկություն է կատարվել բժշկուհու բնակարանում, որի ժամանակ նրա ննջասենյակում հայտնաբերվել են հոգեմետ դեղամիջոց հանդիսացող դեղահաբեր։
Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: 2015 թվականի մայիսի 15-ին նա ձերբակալվել է: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մայիսի 18-ին բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է: