«Պահանջում ենք սպանությունների արդար քննություն», «Պատժեք մեղավորներին», «Ամեն զինվոր իմ որդին է». նման պաստառներով այս պահին Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց են հավաքվել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները և նրանց սատարողները, որոնց թվում են մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ:
Հավաքվածները Սերժ Սարգսյանից պահանջում են զոհված զինծառայողներին «արդար քննություն իրականացնել»:
Զոհված զինծառայողներից մեկի մայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր որդուն ակնհայտորեն սպանել են, այնուհետև տեղոխեղափոխել են դիրքեր, որպեսզի թուրքերը կրակեն և ասեն, որ հակառակորդի գնդակից է զոհվել: «Իմ որդուն սպանել են, ապացույցներն ակնհայտ են, չեմ հասկանում ինչպես արդար քննություն չեն իրականացնում»,- ասաց զոհված զինծառայողի մայրը:
Հավաքվածները պահանջում քրեական պատասխանատվության ենթարկել են մի քանի օր առաջ նախագահական նստավայրի դիմաց զոհված զինծառայողների ծնողներին քաշքշած ոստիկաններին:
Քիչ առաջ մի խումբ տղաներ ակցիայի մասնակիցների հետ վեճի բռնվեցին: Ակցիայի մասնակիցներն ասում էին, որ այդ տղաներն ուղարկված սադրիչներ են, փորձում են խանգարել իրենց ակցիան՝ ասելով, թե զոհված զինծառայողի ծնողին հարիր չէ շոու անել: Armlur.am-ի հարցին, ինչո՞վ են վստահ, որ շոու է, երիտասարդը պատասխանեց. «Շոու է, լրագրող եք, գնացեք ինքներդ պարզեք»:
Իսկ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները նշեցին, որ իրենք որևէ բան չեն տեսել, որին պետք է արձագանքեին:
Մանրամասները՝ առաջիկայում