ԵԹԵՐԻ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԹԱԳՈՒՀԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տեսնես ե՞րբ մարդիկ կսկսեն կողքից նայել իրենց ու հասկանալ, թե որքանով են տաղանդավոր կամ անտաղանդ: Երեկվանից համացանցը ողողված է երկու “տաղանդաշատ” հայուհիների ելույթներով՝ մեկը “Պարի՛ր, թե կարող եսե նախագծի մասնակից Լուսինե Ծերունյանն է, մյուսը՝ “X-factor” նախագծի մասնակից Թամարա Մինասյանը:  Այս երկու աղջիկների ցուցադրած շոուն կարելի է համարել ստացված, հիմա նրանք մեծ “հեղինակություն” են վայելում համացանցում: Բայց մի՞թե ծիծաղի առարկա դառնալով են նվաճում հեռուստադիտողի ու հանդիսատեսի ուշադրությունը: 
ԼՈՒՍԻՆԵ ԾԵՐՈՒՆՅԱՆԻ խոսքով` պարի դասընթացների չի գնացել, փոքրուց պարել է տանը. “Ծնողս է պարուհի եղել, նրանից եմ ժառանգել պարը: “Պարի՛ր, թե կարող ես” նախագծին մասնակցում եմ ծնողիս խորհրդովե: Ինչպես հիշում եք, “Միսս Հայաստան” մրցույթին էլ 26-ամյա այս աղջիկը կրկին ծնողի խորհրդով էր մասնակցում: Հարգելի՛ ծնող, ինչո՞ւ եք գերագնահատում Ձեր աղջկա հնարավորությունները, արդյոք Ձեզ համար վիրավորական չէ, որ այսօր ողջ հայ ազգն է ծիծաղում Ձեր տաղանդաշատ դստեր չկայացած ելույթի վրա:
Ի դեպ, ժյուրիի դիտարկմանը, թե որ ոճին է տիրապետում Լուսինեն ու ինչու է ջինսով եկել, աղջիկն անխռով պատասխանում էր. “Պարի չեմ գնացել, ուղղակի եկել եմ՝ ուժերս փորձեմ”: Նա ցուցադրեց “շքեղ” հայկական ժողովրդական պար: “Պարուհու” ողջ ելույթի ընթացքում ժյուրիի անդամները քմծիծաղ էին տալիս, բայց, չգիտես ինչու, չէին դադարեցնում նրա ելույթը: Ժյուրիի անդամներից մեկն ասաց, որ սրանից ավելի չէր էլ սպասում. “Ինչ դու արեցիր, պարի հետ բացարձակապես կապ չունի, նույնիսկ քեֆերին այդպես չեն պարում”: Ապա հարցրեց. “Աղջի՛կ ջան, դու կյանքում պար տեսե՞լ ես, որտե՞ղ ես տեսել, որ պարն ընդամենը մի շարժումից բաղկացած լինի: Եկել էիր մի շարժումով զարմացնեի՞ր: Եւ առհասարակ, ինչ մրցույթի էլ որ գնաք, պատրաստվա՛ծ գնացեք, մի՛ արհամարհեք առարկան, որին մասնակցում եք, քանի որ առաջին հերթին Ձեզ եք արհամարհում”: 
Այս աղջկա շնորհիվ “Շանթ” հեռուստաընկերությունը մեծ լսարան ապահովեց, դահլիճում հավաքվածներն էլ լիաթոք ծիծաղեցին. շոուն կարելի է համարել ստացված: 
Լուսինեից բացի, նույնատիպ զավեշտալի իրավիճակում էր հայտնվել նաեւ ,X-factorե նախագծի մասնակից ԹԱՄԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆԸ, որը նախկինում Թոնի Բրեքսթոնին նմանակելու իր անհաջող փորձով մասնակցել է “Իմ անունն է…” նախագծին: Նույնիսկ հաղորդավար Արամ mp3-ն աղջկա ելույթի հենց սկզբից ասաց. “Խոսքերն ավելորդ են, no commentե: Ժյուրիի անդամ Նաիրա Գյուրջինյանն էլ նույնիսկ նշեց, որ ապշած է, քանի որ դահլիճը Թամարային ընդունեց “ոնց որ մի հատ աստղ, միգուցե ես ինչ-որ բան չգիտե՞մ”: Անդրեն էլ փորձում էր բացատրել Գյուրջինյանին, թե ով է Թամարան ու ասում, որ աղջիկը նախ մասնակցել է “Սուպերսթար 5”-ին, հետո “Իմ անունն է…” նախագծին, հիմա էլ ,X-factorե-ի հերթն է: Երգիչը նաեւ հարցրեց Թամարային, թե այս նախագծից ինչ է ուզում: “Երկու նախագծի եմ մասնակցել ու չեմ էլ մտածել՝ ինչ եմ ուզում: Ուզում եմ երգել ու ապացուցել, որ ուզում եմ երգել”,-ահա սկսնակ երգչուհու պատասխանը: Ելույթի մասին պատմելն անիմաստ է. խոսքեր գտնելը շատ բարդ է: 
Թամարայի առաջին կատարումից “բավարարված”՝ ժյուրին թույլ է տալիս աղջկան կրկին երգել: Գիսանե Պալյանը, Գարիկ Պապոյանը, Անդրեն ու Նաիրա Գյուրջինյանը չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը, դահլիճը նույնպես ոգեւորված է: Գիասնե Պալյանն էլ փորձում է մեղմ ձեւով հասկացնել աղջկան, որ ինքը լավ չի երգում. “Թամարա՛ ջան, ես էլ եմ շատ սիրում երգել: Երկրագնդի վրա ոչ մեկ մյուսին չի կարող արգելել երգել, բայց պետք է գիտակցել ու ընդունել երաժշտի խորհուրդը, դու վատ ես երգում: Ու եթե ուզում ես երգչուհի դառնալ, պետք է շատ-շատ աշխատես ու չգիտեմ՝ կստացվի ինչ-որ բան, թե ոչ: Իմ խորհուրդը քեզ՝ որպես կնոջ, մի՛ արի այդ քասթինգներին”: 
Ցավալի է, որ աղջիկները չեն զգում, թե ինչ ծիծաղելի վիճակում են հայտնվում: Ելույթից հետո Թամարան նույնիսկ ասաց. “Ես լավ էի պատրաստվել, բայց վախից այդպես երգեցի: Հուզմունք կար մեջս, լավ էի պատրաստվել, բայց ցույց չտվեցի”:
Մի բան է անհասկանալի. չէ՞ որ ժյուրին նախապես իմանում է, թե ովքեր են մասնակիցները, ինչո՞ւ է թույլ տալիս նրանց առհասարակ ելույթ ունենալ: 
Նման ելույթները, իրականում, եթերի համար չեն: Լավ, ասենք մասնակիցները չեն հասկանում, որ վատ են երգում, իսկ կազմակերպիչնե՞րը… Թե՞ սա հատուկ մշակված քաղաքականություն է` նաեւ անտաղանդների հաշվին լսարան հավաքել:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս