ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ «ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը դեմքի «գիտակ» արտահայտությամբ խորհրդակցություն էր հրավիրել, որի ժամանակ էլ հայտարարեց, թե ՀՀ-ում կան դատախազներ, որոնք «անբարոյական»  են: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչով է պայմանավորված դատախազների «անբարոյականությունը», եւ ինչ հիմքեր ունեն ՀՀԿ առաջնորդի խոսքերը: Պարզվեց, որ Սերժ Սարգսյանի խոսքերն օդում բաց թողնված «պղպջակներ» են:
Սերժ Սարգսյանը նշված խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ԱԱԾ նախագահ Գորիկ Հակոբյանի եւ այլ պաշտոնյաների ներկայությամբ հայտարարեց. «Դատախազի թողտվությամբ հանցանք կատարած մի քանի անձինք գործով դառնում են վկա, նույնիսկ ոչ թե թողտվությամբ, այլ նրա ակտիվ մասնակցությամբ: Դատախազը հանցավորության դեմ պայքարելու փոխարեն ինքն է հանցանք կատարում եւ հայտնվում հետախուզության մեջ: Եւ որեւէ մեկը որեւէ պատասխանատվություն դրա համար չի կրում՝ ո՛չ նրա անմիջական պետը, ո՛չ դատախազության այն պաշտոնյան, որ պարտավոր էր ի պաշտոնե նաեւ հսկողություն իրականացնել այդ դատախազի գործունեության նկատմամբ»:
ՀՀԿ առաջնորդը խիստ տոնով նշեց. «Դատախազի կոչմանը ոչ վայել իրավիճակում հայտնվելու դեպքում մնում են անպատիժ: Այսինքն՝ դատախազը փողոցում կռիվ է սարքում, պարզ է՝ աղմուկից հետո քրեական գործ է հարուցվում, եւ հետո չեղած վկա ներգրավելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով տանում են եւ ուրիշին են ուզում դատապարտել»:
Հիմքեր չունենալով չհավատալու Սերժ Սարգսյանի խոսքերին ու տրված «անբարոյական» որակումներին՝ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից պարզել, թե Ս. Սարգսյանը կոնկրետ ինչ եւ ում նկատի ուներ՝ «անբարոյական դատախազներ» ասելով: Սակայն ի պատասխան մեր գրավոր հարցմանը՝ Արմեն Արզումանյանը ոչինչ չասող մի «բառակույտ» ուղարկեց. «Խորհրդակցությունների, աշխատանքային հանդիպումների օրակարգերը ձեւավորվում են կոնկրետ փաստերի հիման վրա, որոնք բացահայտում են այս կամ այն խնդրի էությունը, արդիականությունը, ինչպես նաեւ դրա լուծման անհրաժեշտությունը: Երեւույթների կամ իրադարձությունների ներկայացումն ընդհանրական է այնքանով, որքանով դա անհրաժեշտ է համապատասխան խնդիրները քննարկման առարկա դարձնելու համար…»:
Փորձեցինք ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանից պարզել, թե կոնկրետ որ դատախազներին նկատի ուներ Սերժ Սարգսյանը, եւ ինչ են արել նրանք, որ ՀՀԿ առաջնորդի կողմից արժանացել են նման բնորոշման: Նույնաբովանդակ մի պատասխան էլ ստացանք նշված գերատեսչությունից. «Խորհրդակցության ընթացքում նախագահի հանձնարարականների կատարման ուղղությամբ դատախազության կողմից ձեռնարկվող քայլերի մասին պարբերաբար կտարածվի տեղեկատվություն»:
Արդյունքում Սերժ Սարգսյանը հայտարարություններ է անում, որոնց հիմքում չկա որեւէ փաստ, եթե անգամ նման փաստ գոյություն ունի, ապա առնվազն այն թաքցնում են հասարակությունից: Եւ եթե պիտի գաղտնի պահվեր, ապա ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը կցկտուր տեղեկություններ հրապարակում. լռությունն ավելի արժեքավոր կլիներ: Այլապես ստացվում է, որ գործող իշխանությանն ինչ-որ բան խանգարում է, որ ՀՀ քաղաքացու հետ մինչեւ վերջ անկեղծ լինեն:
Այսպիսով՝ հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի բոլոր «հույժ» կարեւոր խորհրդակցություններն էլ մարդկանց աչքերին «թոզ փչելու» համար են արվում: Այս խորհրդակցությունն էլ նման էր վերջերս Ս. Սարգսյանի կողմից հրավիրված կառավարության արտահերթ նիստին, որի ժամանակ էլ բոլոր գերատեսչությունների աշխատանքները որակվեցին խայտառակություն, բայց այդպես էլ ականատես չեղանք պատիժների: Այսինքն՝ ամենեւին էլ պետք չէ լուրջ վերաբերվել Սերժ Սարգսյանի հայտարարած եւ այսուհետ հնչեցվելիք խոսքերին, քանի որ դրանք օդում բաց թողնված պղպջակներ են:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս