“Հրապարակը” գրում է, թե նոյեմբերի 11-ի կեսգիշերին կրակոցներ են հնչել Վարդանանց 10 եւ Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում: Կրակոցներից վնասվել են շենքերից մեկի 5-րդ բնակարանի պատուհանները:
Պարզվել է՝ այս բնակարանը պատկանում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Արմեն Գրիգորյանին, ով այժմ աշխատում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչն է: Կրակոցներից վնասվել են միայն վերջինիս տան ապակիները:
Կրակոցները լսելուց հետո բնակիչներն ահազանգել են ոստիկանություն: Քիչ անց դեպքի վայրում հայտնված իրավապահները բակում ոչ մեկին չեն գտել: Սակայն այդ պահին շենքի բնակարաններից մեկում խնջույք է եղել, ինչի հետքերով էլ գնացել են: Բնակարան մուտք գործելուց հետո իրավապահները դատարկաձեռն դուրս չեն եկել: Տվյալ բնակարանից մի խումբ երիտասարդների՝ 9-10 անձի, որպես կասկածյալների, բերման են ենթարկել Կենտրոնի բաժին:
Սակայն ոստիկանները ոչ թե երիտասարդների մոտ զենք-զինամթերք հայտնաբերելուց հետո են բերման ենթարկել, այլ ենթադրել են, որ գիշերվա կեսին աշխուժություն նկատվող բնակարանում կարող էր նման միջադեպ լինել: Մինչդեռ, մեր տեղեկություններով, երիտասարդները պատրաստվել են գիշերն ԱՄՆ մեկնող իրենց ընկերոջը ճանապարհել օդանավակայան: Իսկական դեբոշը սկսվել է բաժնում՝ կասկածյալների ու օպերների միջեւ:
Մենք տեղեկություններ ստացանք, որ օպերները ծեծի են ենթարկել երիտասարդներին, որ վերջիններս խոստովանեն կրակոցներին մասնակցություն ունենալու մասին: Ոստիկանությունից էլ հակառակն են պնդում, թե 1982 թ. ծնված Վահե Մ.-ն ընդդիմացել է, հայհոյել ոստիկաններին, խոչընդոտել նրանց բնականոն աշխատանքը: Ձեռքով հարվածել է աշխատասենյակի պատուհանին, ապակին կոտրվել է, ձեռքն էլ վնասվել: Այնուհետեւ նրան շտապ տեղափոխել են թիվ 1 համալսարանական կլինիկա: Մյուսներին բաց են թողել: Այսինքն՝ գործով որեւէ մեկը ձերբակալված չէ, հայտնի չեն նաեւ իրական կրակողները: Իսկ Վահեի զայրույթի պատճառը եղել է այն, որ նա բաժին տարվելուց հետո թռիչքից ուշացել է, ինչպես նաեւ կորցրել ԱՄՆ ինքնաթիռի տոմսը:
Թե իրականում ինչու են կրակոցներն ուղղված եղել այդ շենքին, ու ինչու են վնասվել հենց նախկին ԲՀԿ-ական նախարարի բնակարանի ապակիները, արդյո՞ք սա Արմեն Գրիգորյանին ուղղված սպառնալիք է եղել, փորձեցինք պարզել նրանից: Սակայն նա վստահեցրեց, որ ոչ մի դիտավորություն էլ չի եղել, անգամ իրենք քնած են եղել եւ չեն էլ նկատել, որ իրենց ապակիները վնասվել են:
“Իհարկ” ոչ: Ոչ մի դիտավորություն: Մենք քնած ենք եղել, ոչինչ չենք զգացել: Բակում միջադեպ է եղել երկու խմբավորումների միջեւ, օդ են կրակել, ինչ են արել, մենք տեղյակ չենք, հարեւաններն են նկատել…ե: Գրիգորյանը վստահեցրեց, որ անգամ բաժին չի հրավիրվել: Նշենք, որ իրավապահները դեռ չեն կարողացել պարզել, թե այդ ինչ խմբավորումներ են եղել, որոնց միջեւ վիճաբանությունն ուղեկցվել է մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգությամբ: