ԲՈԼՈՐՆ ԻՐԵՆՑ ՕՐԱԿԱՐԳՆ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտը կարծես թե կրկին բաժանվում է երկու մասի. մի կողմում ՀՀԿ-ն է՝ իր արբանյակ կուսակցություններով, մյուս կողմում՝ ոչ կոալիցիոն ուժերը՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն»: Ընդ որում, դատելով վերջին օրերին տեղի ունեցող գործընթացներից՝ ոչ կոալիցիոն ուժերի մոտ համախմբումը առայժմ տեսանելի է թվում:
Երեկ իրենց քաղաքական պլատֆորմն են ներկայացրել ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը՝ առաջարկելով այդ թեմայով սկսել համապատասխան քննարկումներ: Հիշեցնենք, որ նախօրեին էլ իր քաղաքական պլատֆորմն էր ներկայացրել ԲՀԿ-ն՝ անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգի եւ խորհրդարանական կառավարման համակարգի:
ՀՅԴ պլատֆորմում եւս մատնանշված է այս երկու թեզը, սակայն, դրանից բացի, այլ քայլերի առաջարկ կա, որոնց իրականացման դեպքում միայն հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ծայրահեղ ծանր իրավիճակից: Օրինակ՝ ՀՅԴ-ն առաջարկում է ստեղծել իշխանության ձեւավորումն ու փոփոխությունը երաշխավորող ընտրական համակարգ, բացառել ընտրակաշառքը, պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը: Մի շարք պետական մարմիններում իշխանություններին վերահսկելու եւ հակակշռելու նպատակով օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը, սոցիալական քաղաքականության հիմքում դնել կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը, ՀՀ եւ ԼՂՀ միջեւ կնքել ռազմաքաղաքական դաշինք, հետ կանչել ՀՀ ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից ու հարեւան երկրի հետ հարաբերությունները կարգավորել՝ ելնելով ազգային անվտանգության ռազմավարությունից:
Երեկ երեկոյան՝ իր քաղխորհրդի նիստից հետո, հայտարարություն է տարածել նաեւ Հայ ազգային կոնգրեսը: Արմատական ընդդիմությունն առաջարկում է կոնսուլտացիաների օրակարգն ընդլայնել՝ դրանում ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում ռեժիմի դեմ հասարակական եւ քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների եւ քայլերի ավելի ընդհանրական ծրագիր: ՀԱԿ-ը, մատնանշելով իրենց խորհրդարանական խմբակցության ներկայացրած ԸՕ փոփոխությունների փաթեթը, որտեղ նախատեսված է անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգի, կարեւորում է ընտրական համակարգի վերափոխումը: Բացի այդ, ՀԱԿ-ն առաջարկում է. «Գործող իշխանություններին անվստահություն հայտնելու խորհրդարանական մեխանիզմների կիրառմանն ուղղված համատեղ քայլեր, ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային հրապարակային եւ այլ միջոցառումների անցկացում, ապօրինի տնտեսական մենաշնորհների եւ արտոնությունների եւ համակարգային կոռուպցիայի վերացման համատեղ ծրագրի ստեղծում»:
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե իրենք գոհունակությամբ են վերաբերվում այն ուժերին, որոնք կիսում են ԲՀԿ մոտեցումները: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, ըստ էության, ավելի ընդարձակ ծրագիր են ներկայացնում, Ուրիխանյանը շեշտեց, թե քաղաքական կոնսուլտացիաների մասնակից բոլոր ուժերը կներկայացնեն իրենց առաջարկները, կքննարկեն ու կփորձեն ձեւավորել ընդհանրական տեսակետ: ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը եւս երեկ վստահեցնում էր, որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի տեղի ունենա համախմբում: Թե դա որքանով կհաջողվի, դժվարացավ ասել:

Իսկ այդ ժամանակ հարեւան սենյակում

Մինչ այդ, քաղաքական կուլիսներում ակտիվորեն տեսակետներ են շրջանառվում, թե ինչն է դրդել իշխանության մաս չկազմող եւ բոլորովին հակադիր գաղափարախոսություն ունեցող ուժերին միասնական քայլեր ձեռնարկել: Ոչ կոալիցիոն ուժերը չեն թաքցնում իրենց տեսակետը՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է 2018թ. իշխանությունը փոխանցել իր փեսային՝ Միքայել Մինասյանին: Ուստի իրենք որոշել են «գլխից բռնել» ու այս ճանապարհով չեզոքացնել իշխանության պլանները, առավել եւս, երբ բոլորին է հայտնի, որ Ս. Սարգսյանը նախագահի աթոռին կրկին հայտնվելու դեպքում 5 տարվա մեջ կփոշիացնի քաղաքական դաշտը՝ փեսայի համար ճանապարհ հարթելու նպատակով:
Իսկ ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում պնդում են, որ հատկապես խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու ԲՀԿ-ՀՅԴ առաջարկների թիկունքում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս ամեն գնով ցանկանում է վերադառնալ իշխանության, սակայն գիտի նաեւ՝ նախագահական ընտրություններում անգամ 10 տարի հետո ինքը չունի հաղթելու որեւէ շանս. հասարակությունը նրան չի ների հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի ոճրագործությունների համար, որոնք տեղի են ունեցել հենց նրա կառավարման ժամանակ: Ուստի իշխանության վերադառնալու ամենահարմար տարբերակն անցումն է խորհրդարանական համակարգի:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով այդ պնդումներին, երեկ ասաց. «Ովքեր մեր նախաձեռնության հետեւում ինչ-ինչ ստվերներ են տեսնում, խորհուրդ կտամ՝ դիմեն ակնաբույժի»: Իսկ Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ՀՅԴ-ն այս առաջարկները ներկայացրել է մշտապես, անգամ երբ իշխանության մեջ էր: Ու եթե ժամանակին Քոչարյանը համաձայներ ՀՅԴ-ի հետ, ապա գաղափարը վաղուց կյանքի կոչված կլիներ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս