«Վիտամին» ակումբն այժմ ստեղծագործական դադարի մեջ է, սակայն վիտամինցիները վստահեցնում են, որ իրենց հումորային պաշարը չի սպառվել, պարզապես մի փոքր հանգստի կարիք ունեն: Ակումբի անդամ Արմուշը (Արման Խաչատրյան) «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է իրենց ծրագրերի, ակումբում արգելված թեմաների մասին: Նա պատմել է, որ եղել են դեպքեր, երբ հյուրերը հումորով չեն վերաբերվել իրենց կատակներին եւ նեղացել են: Արմանը բացահայտել է նաեւ հավերժ երիտասարդ մնալու իր գաղտնիքները:
-Հիմա, երբ «Վիտամին» ակումբը դադար է վերցրել, ավելի են շատացել խոսակցություններն այն մասին, որ գուցե ակումբը սպառել է հումորի իր պաշարը եւ այլեւս նոր ասելիք չունի, ի՞նչ կասեք:
-Մեզ մոտ այժմ դադարի շրջան է, ամռանը կհանգստանանք, հետո կվերադառնանք եթեր, սեպտեմբերին արդեն կմտածենք նոր ծրագրեր իրականացնելու մասին: Պարզապես տարիներ շարունակ ամեն շաբաթ նոր ծրագրով ենք հանդես եկել եւ այժմ հանգստի կարիք ունենք, այսպես ասած` «ռեստարտ» ենք լինում (ծիծաղում է), բայց, ինչ խոսք, առաջիկայում կլինեն նորություններ: Մեր ակումբը չի դադարելու ստեղծագործել եւ ներկայանալ հետաքրքիր համարներով: Մենք ամեն տարի ունենում ենք նաեւ արտերկրից հրավերներ: Հիմա էլ կա հրավեր ԱՄՆ-ից. բանակցությունների փուլում ենք:
-Իսկ միայն ակումբի շրջանակներում հանդես գալով՝ հնարավո՞ր է նորմալ գումար աշխատել, թե՞ այլ գործունեություն էլ եք ծավալում:
-Դե, «Վիտամին»-ը մեր «ծառն» է, որն ունի պտուղներ. դրանք մեր համերգներն են, կոորպորատիվ միջոցառումները, գովազդային նկարահանումները. մենք չենք կարող մի ծրագրի հույսին մնալ, հատկապես, երբ մեր թիմը մեծ է, իսկ Հայաստանում հումորային ծրագրերի բյուջեն այնքան մեծ չէ, որ միայն տվյալ ծրագրով զբաղվենք:
-«Վիտամին»-ում կա՞ արգելված թեմա, որին որոշել եք երբեւէ չանդրադառնալ:
-Մենք ի սկզբանե որոշել ենք քաղաքականությանն առնչվող թեմաների չանդրադառնալ. դա մեր ձեռագիրը չէ: Հայերիս կենցաղն առանց այդ էլ շատ հագեցած է, պետք չէ այն է՛լ ավելի ծանրացնել, մեզ, այսպես ասած, ժողովրդի ծոցից դուրս եկած հումորներն են հոգեհարազատ:
-Իսկ եղե՞լ են այնպիսի դեպքեր, որ հյուրերը նեղացած գնան ակումբից:
-Ամեն ինչ էլ լինում է. Հայաստանում ենք, չէ՞, բարդ մարդիկ ենք, բարդ ազգ ենք, դա երեւի մեր այբուբենից է, որտեղ բաղաձայնները գերակշռում են (ծիծաղում է): Լինում են դեպքեր, որ հյուրերը նեղացած են գնում, հումորով չեն վերաբերվում հումորին, անձնականացնում են, բարդույթավորվում էլ են, հետո հասկանում են, որ հումորն ուղղակի հումոր է: Մարդիկ պետք է սովորեն ընդունել հումորը, ոչ թե մտածեն, որ «տժժում ենք» կամ ձեռք ենք առնում իրենց: Երեւի մեր ազգը շատ տխրություններ է տեսել, դժվարություններ է տարել, բացի այդ` երկրի վիճակից ելնելով` մարդիկ չարացած են: Նրանց խորհուրդ կտամ ավելի թեթեւ ապրել, չարությամբ կամ տխրությամբ ոչ մի վերք չեք բուժի, ոչ էլ ինչ-որ բան դեպի լավը կփոխեք: Իսկ ովքեր չունեն հումորի զգացում, ասեմ, որ իրենք ամենադժբախտ մարդիկ են:
-Արմա՛ն, դժվար է հավատալ, որ Դուք երկու տարուց կդառնաք 40 տարեկան: Հավերժ երիտասարդ մնալու այդ միտումն ինչո՞վ է պայմանավորված:
-Դե, դա կախված է, նախեւառաջ, իմ կնոջից, ով ինձնից 7 տարով փոքր է, նրա ներկայությունն իմ կյանքում ստիպում է ինձ երիտասարդ մնալ. այդ հարցում կողակցից շատ բան է կախված: Բացի այդ` երիտասարդության գաղտնիքը պայմանավորված է նաեւ գեներով. հայրս էլ է երիտասարդ մնում, քույրս էլ: Մի բան էլ կա. ես թեթեւ ապրող մարդ եմ, կյանքում ոչինչ չեմ բարդացնում, սիրում եմ կյանքը:
-Իսկ լինո՞ւմ են դեպքեր, երբ Ձեր կինը հումորային համարների թեմաներ է հուշում:
-Այո՛, ինչո՞ւ ոչ. միայն իմ կինը չէ, ակումբի մյուս անդամների կանայք էլ են թեմաներ հուշում, ու քանի որ մեր ներկայացրած հումորը կենցաղային է, հնարավոր է տանից թեմաներ տանել ակումբ:
-Ձեր որդին արդեն դպրոցական է, ի՞նքն էլ է հայրիկի պես հումորով: Արդեն մտածո՞ւմ եք նրա ապագային առնչվող հարցերի շուրջ:
-Այո՛, նա ժառանգել է հումորի իմ զգացումը, բայց անծանոթ միջավայրում հիմնականում շատ լուրջ է, իսկ ահա տանը հաճախ «ներկայացումներ» է տալիս: Անկեղծ ասած` ես իմ երեխայի ապագան Հայաստանում չեմ տեսնում, ուզում եմ, որ նա լավ սովորի, սակայն բարձրագույն կրթությունը ստանա արտերկրում, ուզում եմ ամեն ինչ անել, որ նա լավ մասնագետ, ազգին պիտանի մարդ դառնա…
«ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻՆ Է»
Մի շարք երեւանցիներ օնլայն ստորագրահավաք են սկսել` Երեւանի քաղաքապետարանից պահանջելով ապամոնտաժել Կարապի լճի շրջակայքում տեղադրված գովազդային սյունը: Բանն այն է, որ վերջին շրջանում Կարապի լճի շրջակայքում տեղադրվել է, ստորագրահավաքի մասնակիցների խոսքով, վայրին անհամապատասխան գովազդային վահանակ` հսկայական լուսամփոփի տեսքով: «Դրա փոխարեն անհրաժեշտ էր բարեկարգել լճի մերձակայքը եւ ոչ թե խաթարել տարածքի ճարտարապետական ոճը: Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք հեռացնել այդ տգեղ գովազդային սյունը` վերականգնելով զբոսավայրի գեղեցիկ տեսքը»,-ասված է մասնակիցների տարածած հայտարարությունում:
Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը, անդրադառնալով ստորագրահավաքի մասնակիցների պահանջին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք որեւէ պատասխան տալ չեն կարող, քանի դեռ չեն հասկացել, թե դժգոհությունը կոնկրետ ինչի հետ է կապված եւ որքանով է այն հիմնավոր:
«Ինչ վերաբերում է լճի մերձակայքին, խնդրում եմ՝ անցեք այդ հատվածով եւ տեսեք` բարեկարգ է այն, թե ոչ: Իսկ ճարտարապետական ոճին առնչվող հարցերը մասնագիտական են, մենք դրանք չենք կարող մեկնաբանել սիրողական մակարդակով: Մասնագետը պետք է ասի` ճարտարապետական ոճի խաթարում կա, թե ոչ»,-ասաց նա:
ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ գովազդային սյունը հաջողված օրինակ չէ. «Ես տեսել եմ դա, ճիշտն ասած` քաղաքացիների մտահոգությունը տեղին է. մեր քաղաքն իր ուրույն կոլորիտն ունի, եւ հենց որեւէ տարր չի ինտեգրվում ընդհանուրին, մարդիկ դա անմիջապես նկատում են: Մայրաքաղաքի բնակչությունը ճիշտ է նկատել. այդ սյունը գեղագիտական առումով ընկալելի չէ: Պարզապես պետք է նաեւ նշել, որ գովազդային նմանատիպ սյուները ժամանակավոր բնույթ են կրում, եւ եթե դրանք չեն մտնում քաղաքային կենցաղ, հանվում են»,-մեկնաբանեց նա:
Մեզ մնում է սպասել ու տեսնել, թե Երեւանի քաղաքապետարանին որքան ժամանակ պետք կլինի խնդրին ծանոթանալու համար, եւ արդյոք կառույցը հաշվի կառնի մասնագետի ու քաղաքացիների կարծիքն ու ընդառաջ կգնա նրանց պահանջին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունիսի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում` «Segur» սրահում, կներկայացնի «Երիտասարդությունը` հանուն խաղաղության» խորագրով համերգային ծրագիրը: Համերգի ընթացքում հայկական երաժշտական դպրոցի նմուշները կներկայացնեն ոչ միայն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, այլեւ հայկական առաջատար խմբեր եւ արվեստագետներ` «Կատուներ» ջազ խումբը, Նարեկ Հախնազարյանը, Միքայել Ոսկանյանը, երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները, Գեւորգ Դաբաղյանը, Նարեկ Կազազյանը:
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Մոնտենեգրոն (Չեռնոգորիա), որի քվեարկության արդյունքները չեղարկել են «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում, ներողություն է պահանջում մրցույթի կազմակերպիչներից: Այդ մասին հայտարարել է Մոնտենեգրոյի հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն Ռադե Վոիվոդիչը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ շոուի կազմակերպիչները որպես նման որոշման պատճառ են նշել հաշվարկի կանոնների խախտումը: Ասվել էր, որ Մոնտենեգրոն ներկայացրել է միայն երկրի բնակիչների քվեարկության արդյունքները, մինչդեռ դրանց հարաբերությունը ժյուրիի ձայների նկատմամբ պետք է կազմեր 1/1: Ըստ Վոիվոդիչի` այդ որոշումը «ճնշում» է իր երկրի եւ Մոնտենեգրոյի մասնակցի նկատմամբ: Նա նշել է, որ Մոնտենեգրոն ավելի վաղ անհիմն կերպով կասկածվել է այլ երկրների հետ «պայմանավորվածության գալու» համար: «Քանի որ նման պայմանավորվածության վարկածը չի հաստատվել, հորինվել է Մոնտենեգրոյի վրա ճնշում գործադրելու նոր ձեւ»,-մեկնաբանել է նա` հավելելով, որ Մոնտենեգրոյի ներկայացուցիչն իր որակյալ ելույթով խանգարել է ինչ-որ մեկի պլաններին:
ԿԻՐԱ ՆԱՅԹԼԻՆ ՄԱՅՐԱՑԵԼ Է
Լույս աշխարհ է եկել բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլիի եւ երաժիշտ Ջեյմս Ռայթոնի առաջնեկը: Ինչպես հայտնում է E News-ը, երեխայի սեռը դեռ հայտնի չէ, այդուամենայնիվ, որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ` աստղը դուստր է ունեցել:
Կիրա Նայթլիին տեսել են Իսլինթոնում (Լոնդոն) ամուսնու եւ նորածին երեխայի հետ զբոսնելիս: 30-ամյա դերասանուհին վերջերս ոչ մի միջոցառման չի մասնակցում, քանի որ զբաղված է նորածնի խնամքով: